ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նշված համայնքի ղեկավարին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Մկրտչյանը՝ ծնված 1972թ., 2007թ. ապրիլի 1-ից հանդիսանալով Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարը, լինելով պաշտոնատար անձ, օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, պատասխանատվություն է կրել ֆինանսական գործառնությունների ճշգրիտ և օրենքին համապատասխան կատարելու համար։
Քննությամբ հիմնավորվել է, որ նշված համայնքի ղեկավարն իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կատարել է խոշոր չափերի պարարտանյութերի յուրացումներ, ինչպես նաև՝ կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Մասնավորապես, 2015-2016 թվականների ընթացքում Գ. Մկրտչյանը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ստացված պարարտանյութից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է պարարտանյութ գնելու վերաբերյալ գյուղապետարան չդիմած և պարարտանյութ չգնած անձանց անվամբ ստացված խոշոր չափի պարարտանյութը՝ պատճառելով 598.000 ՀՀ դրամ վնաս։
Բացի այդ, համայնքի ղեկավարը, 2015-2016թթ. ընթացքում հավաքագրելով համագյուղացիների կողմից նշված ծրագրի շրջանակներում ձեռքբերված ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարները, չի փոխանցել համապատասխան ՍՊԸ-ի հաշվեհամարին և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 672.000 ՀՀ դրամ գումար ևս:
Պարարտանյութի և գումարների յուրացման հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք և ներկայացրել Արմավիրի մարզպետարան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Նալբանդյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ վճարելով 1.270.000 ՀՀ դրամ գումարը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: