Հունվարի 2-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարած անհայտ քաղաքացին և հայտնել, որ Հյուսիսային պողոտայում կռիվ է:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 05.50-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից: Կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա Կարեն Դ.-ն և 39-ամյա Միքայել Ա.-ն՝ ձեռքի մատի կոտրվածքով:
Ոստիկանության քրեական հետախույզների ու Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ՝ հատուկ և 1-ին գումարտակների ծառայողների ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ին, Հյուսիսային պողոտայի բարերից մեկում՝ 29-ամյա Մհեր Մ.-ն, 20-ամյա Արթուր Ե.-ն, 40-ամյա Կարեն Դ.-ն և 39-ամյա Միքայել Ա.-ն վիճել են, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է դրսում: Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի դիմաց ծեծկռտուքի ընթացքում Միքայել Ա.-ն ստացել է վնասվածք, իսկ Մհեր Մ.-ն դանակով հարվածել է Կարեն Դ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեր Մ.-ին և Արթուր Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:
Կատարվում է նախաքննություն: