50 ամյա կինը բենզին է լցրել 55 ամյա տղամարդու մարմնի վրա և հրկիզել նրան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի  50 ամյա կնոջ:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 50 ամյա կինը կենցաղային հարցերի շուրջ հերթական անգամ վիճել է իր ծանոթի՝ Երևան քաղաքի 1963 թվականին ծնված տղամարդու հետ, որի ընթացքում  Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեի  հարակից տարածքում  մոտենալով վերջինիս՝  իր մոտ գտնվող  տարայի մեջ առկա  բենզինը դիտավորությամբ լցրել է 55 ամյա տղամարդու մարմնի վրա և հրկիզել նրան:

55 ամյա տղամարդուն պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ արտահայտված դեմքի, պարանոցի, ձախ  վերին վերջույթի, ձախ ականջի, կրծքավանդակի 1-2-3-րդ աստիճանի  ջերմային այրվածքների ձևերով, որոնց  ընդհանուր մակերեսը կազմել է  մաշկածածկույթի մոտ 20 տոկոսը, որն ուղեկցվել է այրվածքային շոկով և հիվանդություններով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 50-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել