ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ 6 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակիցներին և մրցանակակիրներին:
Նշենք, որ մրցանակակիր է դարձել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Մարիամ Զադոյանը: Նրա կողմից մրցույթին ներկայացված տեսահոլովակն ՝ այստեղ:
Մրցույթը, որի շրջանակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիներին, երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր ներկայացնել հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ, նպատակ ուներ տարածել և ամրապնդել կոռուպցիան իբրև երևույթ մերժելու, դրա դեմ անզիջում և միասնական պայքար մղելու գաղափարները:
Այն անցկացվել է երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ», որոնց համատեքստում ներկայացված աշխատանքները պետք է արտացոլեին հակակոռուպցիոն պայքարի ժամանակակից մեխանիզմների, այդ պայքարում միջազգային համագործակցության նշանակության, ինչպես նաև ցանկացած ոլորտում կոռուպցիայի՝ իբրև չարիքի վերաբերյալ հեղինակների յուրօրինակ պատկերացումներն ու գաղափարները:
Սահմանված ժամկետներում անդամ երկրներից ստացվել է ընդհանուր առմամբ 1512 տեսահոլովակ և 7821 պաստառ: Հայաստանից մրցույթին մասնակցել է մի քանի բուհերի, ուսումնական այլ հաստատությունների 28 ներկայացուցիչ, որոնց կողմից ներկայացվել է 38 աշխատանք՝ 12 տեսահոլովակ և 26 պաստառ:
Առաջին փուլում ազգային ժյուրին յուրաքանչյուր անվանակարգում ընտրել է լավագույն երեքը, որոնցից առաջին մրցանակի արժանացած աշխատանքները ներկայացվել են միջազգային ժյուրիին: Վերջինիս կողմից ընդհանուր մրցույթի արդյունքում Հայաստանում լավագույնը ճանաչված տեսահոլովակի հեղինակ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի սան Արտյոմ Աղասարյանն արժանացել է 3-րդ պատվավոր մրցանակի:
Սույն տեսահոլովակը պատրաստվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից Մարիամ Զադոյանին տրամադրված կրթաթոշակի շրջանակներում: