Մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը: Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երևան համայնքին պատկանող տարածքում:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
«Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը և կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի ինքնուրույն»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ճարտարապետական բաժնի պետ Մհեր Մանթաշյանը:
Հետևելով ոլորտի պատասխանատուների հորդորներին՝ կառուցապատողն իր ուժերով քանդել է համայնապատկան շուրջ 150 քմ տարածքում կառուցված շինությունները:
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից: Այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: Դրան զուգահեռ՝ մայրաքաղաքում պարզեցվում և հեշտացվում է օրինական շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի