Կարո Կարապետյանի գույքային խնդիրների մասին կուսակցությունում տեղյակ չեն եղել

Իրավաբան.net-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ «Այգի» ռեստորանային համալիրում  երեկ՝ հոկտեմբերի 6-ին սպանված ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի գույքային խնդիրների մասին կուսակցությունում տեղյակ չեն եղել:

«Եթե չեմ սխալվում, Կարո Կարապետյանը արդեն վաղուց կուսակցական չէ»,-նշեց նաև հորդորրեց մանրամասները ճշտել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել