Կառավարության հերթական նիստին՝ սեպտեմբերի 27-ին գործադիրի անդամները որոշում կընդունեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզպետարաններին գումար տրամադրելու մասին։
Գորադիրի անդամներին որոշման նախագիծը կներկայացի տարածքային կառավարման և զարգացման նախարար նախարար Սուրեն Պապիկյանը։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-ն որոշման 4.5-րդ կետի դրույթների համաձայն` 2018 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 220 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 153-ը: Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները:
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:
ՀՀ 16 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 33 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 119 միլիոն 856 հազար 318 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 911 միլիոն 423 հազար 316 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 421 միլիոն 235 հազար 378 ՀՀ դրամ:
Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:
Այսպիսով,
- Արագածոտնի մարզպետարանին կտրամարվի 61 միլիոն 816 հազար դրամ,
- Գեղարքունիքի մարզպետարանին՝ 58 միլիոն 273 հազար դրամ,
- Վայոց ձորի մարզպետարանին՝ 34 միլիոն 545 հազար դրամ,
- Արմավիրի մարզպետարանին՝ 3 միլիոն 519 հազար դրամ,
- Արարատի մարզպետարանին՝ 2 միլիոն 858 հազար դրամ,
- Կոտայքի մարզպետարանին՝ 54 միլիոն 235 հազար դրամ,
- Լոռու մարզպետարանին՝ 39 միլիոն 936 հազար դրամ,
- Սյունիքի մարզպետարանին՝ 134 միլիոն 407 հազար դրամ,
- Շիրակի մարզպետարանին՝ 31 միլիոն 645 հազար դրամ։