«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերջին երկու տարիների ընթացքում մի շարք խոշոր պայմանագրեր է կնքել «Ար.մեդտեխնիկա» ՍՊ ընկերության հետ: Ֆինանսների նախարարության armeps.am կայքում այս ընկերության կողմից 2017 թվականի սեպտեմբեր ամսին և դրանից հետո հրապարակված մի քանի հայտում նշվում է, որ ընկերության սեփականատերերն են Վահրամ Էմիլի Թորոսյանը և Արա Միքայելի Մինասյանը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ Արա Մինասյանը 2017 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2018 թվականի հունիսի 26-ն այս ընկերությունում ունեցել է 10 տոկոսը բաժնեմաս: Թեև շուրջ տասն ամիս Արա Մինասյանը եղել է ընկերության բաժնետեր, սակայն armeps.am-ում հրապարակված ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ ոչ բոլոր փաստաթղթերում է այս մասին նշված:
Ինչպես հայտնի է, Արա Մինասյանը մինչ այս տարվա հուլիսի 27-ը այս բուժկենտրոնի տնօրենն էր: Եվ փաստորեն, նրա կողմից ղեկավարվող բուժկենտրոնը պայմանագրեր է կնքել մի ընկերության հետ, որում նա բաժնեմաս ունի:
Այսպիսով, armeps համակարգից տեղեկանում ենք, որ մի շարք գնումների մրցույթներում հաղթող է ճանաչվել այս ընկերությունը: Մասնավորապես, պաշտոնական աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն, ներքոնշյալ ծածկագրերով գնումներում հաղթող է ճանաչվել «Ար.մեդտեխնիկա» ընկերությունը.
- ՍԳԼ-ՇՀԱՊՁԲ-17/31 ծածկագրով մրցույթը վերաբերում է 142 500 000 դրամով տոմոգրաֆիայի սարքի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-17/39 ծածկագրով մրցույթը վերաբերում է 1 260 000 դրամով վիրահատական լուսավորման սարքի լամպի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-17/45-1 ծածկագրով մրցույթը վերաբերում է 2 600 000 դրամով ինֆուզոմատ կաթիլայինի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-17/33 ծածկագրով մրցույթը վերաբերում է 4 800 000 դրամով ոսկրային վիրաբուժության համար ուլտրաձայնային գեներատորի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/7-1 ծածկագրով մրցույթը վերաբերում է 16 164 000 դրամով աչքի ներքին ճնշման սարքի չափիչ, հիվանդի մոնիտոր, ախտահանիչ և այլ ապրանքների ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/7 ծածկագրով մրցույթը վերաբերում է 163 700 000 դրամով տասը տեսակի բուժսարքավորումների ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/8 ծածկագրով մրցույթը վերաբերում է 3 920 000 դրամով լսողության ստուգման համակարգի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/17 ծածկագրով մրցույթը վերաբերում է 10.200.000 դրամով արյան գազերի վերլուծիչի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/17-1 ծածկագրով մրցույթը վերաբերում է 1 248 000 դրամով տաք օդային ախտահանիչի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/20 ծածկագրով մրցույթը վերաբերում է 22.000.000 դրամով թուքային զարկերակների հայտնաբերման և կապման համակարգի ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ՀԲՄԱՊՁԲ-18/22 ծածկագրով մրցույթը վերաբերում է 45.500.000 դրամով սրտի վիրաբուժության գործունեության համար բժշկական սարքավորումների ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/24 ծածկագրով մրցույթը վերաբերում է 34.944.000 դրամով կարդիովիրաբուժական վիրասրահի համար նախատեսված գործիքների ձեռքբերմանը,
- ՍԳԼ-ԳՀԱՊՁԲ-18/25 ծածկագրով մրցույթը վերաբերում է 58.310.000 դրամով երեք տեսակի բժշկական սարքերի ձեռքբերմանը,
Մենք դիտարկել ենք միայն այն գնումների մրցույթները, որոնք իրականացվել են 2017 թվականի օգոստոսի 16-ից մինչև այս տարվա հունիսի 26-ը: Այսինքն, ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ, ըստ պետռեգիստրի տվյալների, Արա Մինասյանը 10 տոկոս բաժնեմաս է ունեցել «Ար.մեդտեխնիկա» ՍՊ ընկերությունում:
Այսպիսով, միայն թվարկված 13 գնման գործընթացի շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն նշյալ ժամանակահատվածում այս ընկերությունից կատարել է 507 146 000 դրամի կամ շուրջ 1 միլիոն դոլարի գնում:
Չի բացառվում, որ, բացի վերոնշյալ ծածկագրերով ընթացակարգերը, նաև այլ գնումներ են արվել նույն ընկերությունից:
Ի դեպ, թեև վերոնշյալ գնումների մասին տեղեկություններ կան gnumner.am և armeps.am պաշտոնական կայքերում, սակայն գնման պայմանագրերը այդպես էլ չեն հրապարակվել: Իսկ դրանց պատճեները ստանալու հարցմանն ի պատասխան Իրավաբան.net-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը հայտնել է. «Ընկերությունների միջև կնքված պայմանագրերի պատճենները հնարավոր չէ տրամադրել, քանի որ դրանց բնօրինակները առգրավված են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից»:
Իսկ Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին. ««Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության և «Ար.Մեդտեխնիկա» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրերն առգրավվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2016, 2017 թվականների ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերության մի շարք ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, որն առաջացրել է ծանր հետևանքներ, փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործ շրջանակներում»:
Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալ ներգրավված անձիք չկան:
Աստղիկ Կարապետյան