Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

ՀՀ Կառավարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինության պետական կոմիտեում Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին և շինարարական համայնքի ներկայացուցիչներին, նշել նրանց առանձնահատուկ դերը նոր ժամանակներում և մաղթել անկոտրում կամք, անսահման ներշնչանք:

Միջոցառման ավարտին Կոմիտեի նախագահը պարգևներ և պատվոգրեր է հանձնել ոլորտի վաստակաշատ մի քանի ներկայացուցչի:

Ստորև՝ փոխվարչապետի ուղերձն ամբողջությամբ:

«Հարգելի՛ պարոն Էլոյան,

Շնորհավորում եմ Ձեզ և շինարարական համայնքի տաղանդաշատ բոլոր վարպետներին մասնագիտական տոնի առթիվ:

Հայ շինարար-վարպետների միտքը պատմության ընթացքում կերտել է զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կենսական նշանակության կամուրջներ, ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, տնտեսական առաջխաղացումը, հոգևոր զարգացումը: Եվ այժմ Դուք եք արժանավոր հետնորդները Ձեր ուսուցիչների:

Սակայն շինարարությունը ամեն ինչից զատ մշակույթ է՝ քաղաքային ապրելակերպի մշակույթ, հանրային տարածքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ, միմյանց հետ փոխհարաբերվելու մշակույթ, ընդհանուրը անձնական շահերից ելնելով չյուրացնելու մշակույթ: Ուստի նոր ժամանակներում Ձեր դերը հեղափոխական է:

Իհարկե, շուկան և պատվիրատուն կարող են ունենալ տարբեր պահանջներ, որոնք երբեմն հակոտնյա են հանրության շահերին, սակայն հենց այստեղ է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն պետք է վճռականորեն հանդես գա որպես հանրության ներկայացուցիչ և ի կատար ածի մշակութային և մտքի հեղափոխության իր առաքելությունը:

Շնորհավորում եմ և մաղթում անկոտրում կամք, անսահման ներշնչանք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել