Փաստաբան Վահե Գրիգորյանը անդրադարձել է 2014 թվականին Ադրբեջանում գերության մեջ ընկած ու սպանված 31-ամյա Կարեն Պետրոսյանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված գործից։
Նա նշում է, որ այս գործը ՄԻԵդ-ի կողմից քննվել է ամենայն մանրամասներով, ՄԻԵԴ-ի կողմից թվարկած բազմաթիվ հարցերի շրջանակներում:
«Այս գործով վեր են հանվել մի քանի հանգամանքներ, որոնք հնարավոր է բեկումնային նշանակություն ունենան Ադրբեջանի տարածքում գերեվարված հայերին կամ հայաստանցիների նկատմամբ խոշտանգումների եւ անմարկային վերաբերմունքի, իսկ ոմանց մասով նաեւ սպանությունների հանգամանքների կապակցությամբ խտրական մոտեցման կանխավարկածի ձեւավորման համար:
Այս գործով առհասարակ առաջին անգամ վեր է հանվել եւ քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների» իրողությունը: Հուսով եմ, ի վերջո միջազգային դատավորներն այս ակնբախ իրողությունը կարձանագրեն իրենց ակտերում, որպես հայատյացության ծայրահեղ դրսեւորում:
Սույն գործով քննարկվում է նաեւ Հեյդար Ալիեւի զինակից եւ մերձավոր բարձրաստիճան զինվորական, գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարենի սպանությանը, որի հանգամանքները ըստ փորձագետների բացահայտած մանրամասների այնքան սահմռկեցուցիչ են, որ այսքանով կսահմանափակվեմ:
Իսկ գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը եւ Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը:
Այս գործով իրենց ծանրակշիռ եւ առաջատար մասնակցությունն են ունեցել դիմողի ներկայացուցիչներ պարոն Artak Zeynalyanը (նախարարի պարտականությունների ստանձնմամբ ներկայացուցչությունը դադարեցրել է), տիկին Լարիսա Ալավերդյանը եւ տիկին Քրիստինա Գեւորգյանը եւ մեզ հետազոտությունների հարցում մեծ օգնություն ցուցաբերած պարոն Emil Sahakyanը, ինչի համար ես նրանց բոլորին շնորհակալ եմ»: