Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով պետք է հաստատվի պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:
Կ Ա Ր Գ
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող Հանրապետության նախագահի (այսուհետ՝ պաշտոնաթող նախագահ) գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) գործունեության ֆինանսավորման իրա-կանացման կարգի հետ կապված հարաբերությունները ։
- Հայաստանի Հանրապետոթյան պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրվում են հետևյալ ուղղություններով՝
- գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն,
- գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռք բերում:
- Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինասավորումը իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա:
- Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման 5-րդ հավելվածով։
- Պաշտոնաթող նախագահի գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։
Նախագծի հիմանվորման մեջ նշված է.
«Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.3 հոդվածի 3-րդ մասի, և ՀՀ վարչապետի 19.06.2018թ. N 804-Ա որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետով նախատեսված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-143-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ միջոցառումանը համապատասխան։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պաշտոնաթող Հանրապետության նախագահներին ըստ իրենց ցանկության տրամադրվում են կահավորված գրասենյակ, ինչպես նաև գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչև երեք հաստիքային միավոր։
Ներկայումս Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների գրասենյակների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն գոյություն չունի դրանց ֆինասավորման միասնական կարգ։ Այսինքն այդ գրասենյակների ֆինասավորման գործունեությունը կանոնակարգված չէ։