Այսօր նախկին ոստիկանապպետ, Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հանյտեց, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հայտարարությունները՝ նրա կատարած անօրինականությունների հետ կապված, սուտ են:
«Առաջին հանդիպման ժամանակ նայեցի նամակը ու պատռեցի այն: Կարծում եմ, որ ես միակը չեմ, ում մեղադրել է տարբեր բաներում: Ուղղակի նրանք երևի չեն հայտնել: Ես հասարակությունում այնպիսի դիրք ունեմ, որ թույլ չեմ տա ինձ զրպարտեն: Նա ասել է, որ վարկաբեկելու է ինձ, ես կորցնելու բան չունեմ: Իր բոլոր պրոբլեմները նա տարիներ շարունակ կապել է ինձ հետ»,-նշեց նա:
Ալիկ Սարգսյանը նշում է, որ Վարդգես Հովակիմյանը կադաստրի պետ լինելուց հետո դարձավ մարզպետ և ճնշումը մեծացավ նրա նկատմամբ. «Նա հասկացավ, որ մարզպետի գործը անշնորհակալ գործ է: Իր մարզպետ նշանակվելուց 3 ամիս հետո սկսեց այս պատմությունը: Երբ ՃՈ-ն իրեն կանգնեցնում էր, ապա ինքը հարցնում էր՝ ինձ չեք ճանաչո՞ւմ, ուրեմն նրա (Ալիկ Սարգսյանի) հանձնարարությունն է, ինքն է մեղավոր»:
Պատգամավորը հայտարարեց, որ հուլիսի 26-ին նրան հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն:
«Նա վիրավորել է իմ բարի համբավը, այդ բոլոր հերյուրանքների մասով ես քաղհայցով մտնելու եմ դատարան: Նա պետք է հրապարակային ներողություն խնդրի: Ենթադրում եմ, որ նրա մոտ հոգեկան խնդիրներ կան»,-նշել է Ալիկ Սարգսյանը և հավելել, որ չի կարծում, թե այսօրվա իշխանությունները որևէ կապ ունեն այս ամենի հետ:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Այսպես, 2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջում է առանձնապես խոշոր չափերով գումար:
Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում Վ. Հովակիմյանն իր հերթին հաղորդում է տվել այն մասին, որ դեռևս 2008 թվականին իր նախկին աշխատակիցներից մեկը դիմել է իրեն՝ որդուն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդելու խնդրանքով, ինչի համար պատրաստակամություն է հայտնել կաշառք տալ:
Այդ կապակցությամբ հանդիպել է Ա. Սարգսյանին, ով ընդունել է տվյալ անձին ՃՈ ծառայությունում աշխատանքի ընդունելու համար կաշառքի առաջարկը, տեղում ստացել է կաշառքի գումարը և խոստացել կազմակերպել աշխատանքի ընդունման գործընթացը, սակայն խոստումն այդպես էլ չի կատարել, իսկ գումարը չի վերադարձրել:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը՝ panorama.am-ի