Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Լյովա Սարգսյանի կենսագրությունը:
Լևոն (Լյովա) Ազատի Սարգսյան (ծնվ. 21 հունիսի 1959 թ., ք. Ստեփանակերտ), հայ դիվանագետ, արևելագետ, հատուկ հանձնարարություններով դեսպան։
Կրթություն
- 1976 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
- 1977-1982 թ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։
- 1986-1989 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն
- 1981-1982 թթ. – աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Ալժիրում:
- 1983-1985 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես զինվորական թարգմանիչ։
- 1989-1991 թթ. – աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Լիբիայում:
- 1991-1993 թթ. – աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող։
- 1993-1994 թթ. – աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
- 1994-1998 թթ. – Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։
- 1998-2004 թթ. – Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2000-2005 թթ. – Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
- 2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
- 2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
- 2006 թվականից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում:
- 2007 թվականից – ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ։
- 2008 թ. դեկտեմբերից – «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
- 2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
- 2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
Գիտական աստիճան
- Պատմական գիտությունների թեկնածու (2006)։
- Պատմական գիտությունների դոկտոր (2010)։
- Պրոֆեսոր (2010)։
Պարգևներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Լևոն Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, արաբերեն, անգլերեն լեզուներին։