ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կենսագրությունը

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Լյովա Սարգսյանի կենսագրությունը:

Լևոն (Լյովա) Ազատի Սարգսյան (ծնվ. 21 հունիսի 1959 թ., ք. Ստեփանակերտ), հայ դիվանագետ, արևելագետ, հատուկ հանձնարարություններով դեսպան։

Կրթություն

  • 1976 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
  • 1977-1982 թ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։
  • 1986-1989 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն

  • 1981-1982 թթ. – աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Ալժիրում:
  • 1983-1985 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես զինվորական թարգմանիչ։
  • 1989-1991 թթ. – աշխատել է որպես արաբերենի զինվորական թարգմանիչ Լիբիայում:
  • 1991-1993 թթ. – աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես գիտաշխատող։
  • 1993-1994 թթ. – աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
  • 1994-1998 թթ. – Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։
  • 1998-2004 թթ. – Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2000-2005 թթ. – Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
  • 2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2005 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (համատեղության կարգով)։
  • 2006 թվականից դասավանդում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում:
  • 2007 թվականից – ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ։
  • 2008 թ. դեկտեմբերից – «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
  • 2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Թունիսի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
  • 2010 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Գիտական աստիճան

  • Պատմական գիտությունների թեկնածու (2006)։
  • Պատմական գիտությունների դոկտոր (2010)։
  • Պրոֆեսոր (2010)։

Պարգևներ

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Լևոն Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, արաբերեն, անգլերեն լեզուներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել