Կառավարությունը հուլիսի 4-ի նիստի ժամանակ հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքի նախագծով՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված խնդիր: «Օրինակ, «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը՝ հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է»,- ասել է վարչապետը՝ պատասխանատուներին հորդորելով հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը: «Ընդ որում, ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների դեմն առնել ու միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա բազմաթիվ խնդիրներ կլուծենք», – ընդգծել է վարչապետը: