Ի՞նչ պատիժ կսպասվի Մանվել Գրիգորյանին, եթե ապացուցվեն նրան մեղսագրված արարքները

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին այսօր՝ հունիսի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ստորև ներկայացնում ենք, թե ի՞նչ պատիժ է նրան սպասվում, եթե նրան մեղսագրված արարքներն ապացուցվեն։

Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, ըստ որի․

  1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
  2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով:
  3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում են ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:

Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանվում է յուրացնելը կամ վատնելը։ Համաձայն 179-րդ հոդվածի՝

1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

  • 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
  • 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
  • 3) խոշոր չափերով` պատժվում է տուգանքով`500 հազարից մինչև 1 միլիոն դրամ, կամ ազատազրկմամբ`2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝

  • 1) առանձնապես խոշոր չափերով,
  • 2) կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել