Որո՞նք են կորպորատիվ իրավահարաբերություններից բխող վեճերի վերաբերյալ գործերը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է իրավաբանական անձի ստեղծման, կառավարման և իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության (անդամության) հետ կապված իրավահարաբերություններից բխող վեճերը (այսուհետ՝ կորպորատիվ վեճեր), այդ թվում՝

  1. իրավաբանական անձի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հետ կապված վեճերը.
  2. բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի, կոոպերատիվի անդամների փայերի պատկանելության, դրանց նկատմամբ սահմանափակումների և այդ սահմանափակումներից բխող իրավունքների իրականացման հետ կապված վեճերը, ներառյալ՝ բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի, կոոպերատիվի անդամների փայերի կապակցությամբ կնքված գործարքներից բխող, այդ գործարքներն անվավեր ճանաչելու և (կամ) անվավերության հետևանքները կիրառելու, բաժնետոմսերի, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասերի վրա բռնագանձում տարածելու հետ կապված վեճերը, բացառությամբ բաժնետոմսեր, կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասեր, կոոպերատիվի անդամի փայեր ներառող ժառանգությունը կամ ամուսինների ընդհանուր սեփականությունը բաժանելու հետ կապված վեճերի.
  3. իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների կամ անդամների՝ իրավաբանական անձին պատճառված վնասը հատուցելու, իրավաբանական անձի կնքած գործարքն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու վերաբերյալ պահանջների հետ կապված վեճերը.
  4. իրավաբանական անձի կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների ձևավորման կամ դրանց կազմում ընդգրկված անձանց նշանակելու (ընտրելու), այդ անձանց լիազորությունները դադարեցնելու, կասեցնելու, իրավաբանական անձի կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների կազմում ընդգրկված կամ նախկինում ընդգրկված անձանց պատասխանատվության հետ կապված վեճերը.
  5. արժեթղթերի թողարկման, ներառյալ՝ թողարկողի կառավարման մարմինների որոշումների իրավաչափության և արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում կնքված գործարքները վիճարկելու հետ կապված վեճերը.
  6. արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունից բխող այն վեճերը, որոնք կապված են բաժնետոմսերի և այլ արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման (գրանցման), ինչպես նաև արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) շրջանառության կապակցությամբ օրենքով նախատեսված այլ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հետ.
  7. իրավաբանական անձի մասնակիցների ընդհանուր ժողովի գումարման հետ կապված վեճերը.
  8. իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումների իրավաչափության հետ կապված վեճերը.
  9. իրավաբանական անձի մասնակցի (անդամի)՝ իրավաբանական անձից դուրս գալու և հեռացնելու հետ կապված վեճերը.
  10. իրավաբանական անձի մասնակցի (անդամի)՝ օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման հետ կապված վեճերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել