Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1)դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`
2)առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում՝ պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:
Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նաև գրանցում իրականացնող մարմնին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչև սույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչև բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդված: