Ի՞նչ նպատակով և ու՞մ համար են սահմանվում խնամակալությունը և հոգաբարձությունը

Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության համար։ Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում է նաև նրանց  դաստիարակելու նպատակով։

Խնամակալները և հոգաբարձուներն առանց հատուկ լիազորության հանդես են գալիս իրենց խնամարկյալների  իրավունքների ու շահերի  պաշտպանությամբ՝ ցանկացած անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում։

Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում են նրանց ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահասներն այլ պատճառներով մնացել են առանց ծնողական խնամքի, մասնավորապես, երբ ծնողները խուսափել են նրա դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից։

Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ։

Խնամակալները խնամարկյալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով և նրանց  անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները։

Հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ։

Հոգաբարձուները համաձայնություն են տալիս այնպիսի գործարքներ կնքնելու համար, որոնք հոգաբարձության ներքո գտնվող անձինք իրավունք չունեն ինքնուրույն կնքել  Հոգաբարձուներն աջակցում են հոգաբարձության ներքո գտնվող անձանց՝ իրենց ւրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս, ինչպես նաև պաշտպանում են նրանց երրորդ անձանց չարաշահումներից։

Իրավական հիմքեր՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքի 33-35 հոդվածներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել