Կառավարությունը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով:
Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացման համակարգումը.
2) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման մեխանիզմների ներդրումը.
4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`
1) մասնակցությունը աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության ձեւավորմանը.
2) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում տարածքային նշանակության նպատակային ծրագրերի կազմումը.
3) աղբահանության ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը եւ համակարգումը.
4) աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը.
5) չհսկվող եւ չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) աշխատանքների համակարգումը.
6) կոշտ կենցաղային թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության մասնակցությունը.
7) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Աղբահանության վճարի դրույքաչափը
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող եւ (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 50-ից 400 դրամ, կամ
2) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5-ից 25 դրամ:
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական եւ արտադրական շենքերում եւ (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ շինության ընդհանուր մակերեսի հետեւյալ դրույքաչափերով.
1) առեւտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի եւ բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50-ից 100 դրամ,
2) հյուրանոցների եւ հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաեւ այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20-ից 50 դրամ,
3) արտադրական, արդյունաբերական եւ գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5-ից 15 դրամ.
4) կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական եւ նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 3-ից 15 դրամ:
5) Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով:
Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`
1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 դրամ, կամ
2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 դրամ:
Եվգենյա Համբարձումյան