Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում փորձաքննության անցկացումը

Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ փորձաքննությունները`

1) ընդերքաբանական.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.

3) տեխնիկական անվտանգության:

Ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին:

Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից և ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը և որակը սահմանված կարգով հաստատվելուց հետո:

ՀՀ Ընդերքի մասին  օրենսգրքով սահմանված փորձաքննություններն ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում, և փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների որոշակի քանակի և որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական և այլ պայմանների օբյեկտիվ գնահատում: Ընդերքաբանական փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգով, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ընդերքօգտագործողն իրավունք ունի սեփական միջոցների հաշվին կատարելու իրեն տրամադրված երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն:

Եթե անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը կամ ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքօգտագործողը կարող է դիմել լիազոր մարմին իր կողմից շահագործվող հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման և ընդերքօգտագործման պայմանագրում և նախագծում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Լիազոր մարմինը պարտավոր է դիմումը քննարկել և մեկամսյա ժամկետում ընդունել որոշում:

Երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն կարող է կատարվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծերի մշակման, հանքավայրի նախապատրաստման ու օգտակար հանածոյի արդյունահանման (եթե այդպիսի անհրաժեշտություն առաջացել է) տեղեկության նկատմամբ նոր մոտեցումների կամ նոր ստացած տվյալների հիման վրա:

Անկախ փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել