Ազգային փոքրամասնությունների իրավունքները այսուհետ կպաշտպանվեն օրենքով. նոր նախագիծ

Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Ներկայացված «Ազգային փոքրամասնությունների մասին» օրինագիծը վերաբերում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերություններին:

Ազգային փոքրամասնությանը պատկանող անձինք են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են իրենց ուրույն ազգային կամ էթնիկ ինքնություն ունեցող, Հայաստանի Հանրապետությունում պատմականորեն ձևավորված խմբի՝ ազգային փոքրամասնության անդամ։

Հայաստանում ազգային փոքրամասնություններն են՝ ասորիները, բելառուսները, գերմանացիները, եզդիները, լեհերը, հրեաները, հույները, ռուսները, վրացիները, ուկրաինացիները, քրդերը։

Նախագծով՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ  քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում խտրականությունը կարգելվի:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձիք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք։ Ազգային փոքրամասնություններին պատկանող անձիք ունեն նաև սեփական կրոնը կամ հավատը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու կամ այլ ձևով արտահայտելու, փոխելու կամ որևէ կրոն չդավանելու իրավունք։

Ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացմանը նպաստելու, իրավունքների իրականացման հետ կապված իրավիճակը և խնդիրները քննարկելու, խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելու և դիրքորոշում հայտնելու նպատակով Հանրային խորհրդին առընթեր կստեղծվի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու դրանց պաշտոնատար անձինք պետք է համագործակցեն խորհրդի հետ, իսկ համապատասխան հարցման դեպքում տրամադրում են ազգային փոքրամասնությունների և դրանց պատկանող անձանց իրավունքների իրականացման վիճակի մասին իրենց ունեցած տեղեկատվությունը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել