Քաղաքացիական օրենսգրքի իմաստով Bitcoin-ը գոյություն չունեցող բան է․ Գոռ Հովհաննիսյան

«Բիթքոին» կրիպտոարժույթը վերջին ամիսներին նաև հայաստանյան շուկայում է հայտնի դարձել․ արդեն իսկ հանդիպում են հայտարարություններ ապրանքը բիթքոինով գնելու կամ վաճառելու մասին։ Թե ի՞նչ է սա և իրավական տեսանկյունից ինչ կարգավորումներ և խնդիրներ կան բիթքոինների հետ կապված, զրուցել ենք Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանի հետ։

Ի՞նչ է ու որտե՞ղ է հիմա Bitcoin-ը

Bitcoin-ները էլեկտրոնային արժեմիավորներ են, որոնք ապակենտրոնացված ձևով պահպանվում են այսպես կոչված Bitcoin-Blockchain-ի վրա։ Դրանք հիմնվում են ասիմետրիկ կոդավորման ալգորիթմների վրա։ Այս արժեմիավորները կարող են օգտատերերի կողմից փոխանակվել և այդպիսով օգտագործվել իբրև վճարամիջոց, եթե վաճառողը դա ընդունում է։ Գործարքները կատարվում են ապակենտրոնացված ձևով՝ ինտերնետում տարբեր հանգուցակետերում պահպանվող տվյալների բազաների միջոցով։ Պարզ ասած՝ չկա մի կենտրոնակայան, որը Bitcoin-ներ է թողարկում կամ կառավարում։ Դա անում են ցանցի օգտատերերը համատեղ։

Ո՞վ է հորինել Bitcoin-ը

Այս համակարգը ստեղծել է մի անձ կամ անձանց մի խումբ, որը թաքնվում է «Սաթոշի Նակամոթո» կեղծանվան տակ։ Նրանք իրենց գաղափարը հրապարակել են մի աշխատանքում, որը սահմանում է Bitcoin-ի ընդհանուր պայմանները։ Վերջերս այդ մասին իմացավ նաև հանրությունը, երբ հայտնի դարձան տարբեր «Bitcoin-միլիոնատերերի» պատմությունները։

Քանի՞ Bitcoin կա հիմա

Ենթադրաբար, ավելի քան 15 միլիոն։ Կա առավելագույն սահման 21 միլիոնի չափով։ Այս չափը կամայականորեն սահմանել են հայտնագործողները։

-Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է այդ համակարգը գործում։

-Bitcoin-Blockchain-ի ներսում գործարքներ կատարելու համար յուրաքանչյուր օգտատեր նախ պետք է ունենա այսպես կոչված Wallet («թվային դրամապանակ»)։ Դրա միջոցով կարող են փոխանցվել այդ արժեմիավորները։

-Այսինքն՝ կարելի՞ է այն համեմատել սովորական բանկային հաշվի հետ։

-Չէ, դրանք, ըստ էության, համեմատելի չեն, բայց կարող եմ, այնուամենայնիվ, համեմատել ավելի հասկանալի բացատրելու համար։ Սովորական բանկային հաշիվը, ինչպես բոլորին հայտնի է, գործում է հետևյալ կերպ։ Հաշվի տերն ունի բանկային քարտ և PIN (Personal Identification Number = անձնական նույնականացման համար)։ Դրանց միջոցով նա մուտք ունի իր բանկային հաշիվ։ Բայց այդ հաշվից փոխանցումներ կատարելու համար այսօր PIN-ի իմացությունն այլևս բավարար չէ։ Յուրաքանչյուր փոխանցման համար անհրաժեշտ է նաև TAN (transaction number = գործարքի (նույնականացման) համար), որը յուրաքանչյուր առանձին փոխանցման համար ամեն անգամ նոր է ստեղծվում։ Այդ TAN-ը ստեղծվում է բանկի կողմից հաշվի տիրոջը հանձնված մի փոքր սարքի միջոցով, իսկ որոշ օգտատերեր նախընտրում են TAN-ը SMS-ի միջոցով հեռախոսի վրա ստանալու տարբերակը, ինչպես, օրինակ, ես։

Bitcoin-ների «փոխանցման» ժամանակ տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, միայն այստեղ չկա TAN։ Դրա պատճառն այն է, որ փոխանցողի ու ընդունողի միջև չկա որևէ բանկ՝ իբրև միջնորդ։ Ու դա ամենևին էլ թերություն չէ, որովհետև թանկ և այդ իսկ պատճառով անհարկի միջնորդների բացառումը հենց Blockchain-ի ու կրիպտոարժույթների գոյության ու գրավչության հիմնական պատճառներից մեկն է։

Մյուս կարևոր տարբերությունն այն է, որ Wallet-ի մեջ չկան Bitcoin-ներ։ Wallet-ն ավելի շուտ ծառայում է կրիպտոգրաֆիական բանալիների զույգը պահպանելու համար։ Այդ բանալիների զույգը բաղկացած է այսպես կոչված մասնավոր բանալուց (Private Key) և հանրային բանալուց (Public Key)։ Բանալիների այդ զույգի միջոցով կարող են գործարքներ կատարվել Bitcoin-Blockchain-ի ներսում։ Հանրային բանալին ծառայում է մոտավորապես իբրև «բանկային հաշվի համար», իսկ մասնավորը՝ իբրև PIN՝ «տնօրինման լիազորություն»։ Մասնավոր բանալու միջոցով դրանց տերը վավերացնում է գործաքները։ Այդ վավերացման միջոցով գույքային արժեքը Bitcoin-Blockchain-ի ներսում մի հանրային բանալուց փոխանցվում է մեկ այլ հանրային բանալու վրա։ Այսպիսով, եթե չկա բանկ, ապա չի կարող լինել նաև TAN։ Իսկ դա նշանակում է հետևյալը. ով հանրային բանալու (= բանկային հաշվի համարի) հետ միասին ունի նաև մասնավոր բանալի (= PIN), կարող է ազատորեն տնօրինել այդ հանրային բանալու հետ կապված արժեմիավորները։ Հաշվեհամարներ վարող բանկի բացակայությունը տանում է մեկ այլ, այս ֆենոմենի իրավական որակման համար որոշիչ մի հանգամանքի. հանրային բանալին՝ իբրև բանկային հաշվի նմանօրինակ, իրավական առումով չի պատկանում ոչ մի անձի՝ ի տարբերություն բանկային գործառնությունների։ Հաշվի համարն ավելի շուտ ապակու նման թափանցիկ ու բոլորի համար տեսանելի ձևով գտնվում է վիրտուալ սրահում։ Տնօրինման իրավազորություն ունի, սակայն, միայն մասնավոր բանալու տերը։ Bitcoin-ը մեկ այլ հանրային բանալու վրա փոխանցելուց հետո այդ արժեքը կարող է տնօրինել բացառապես այդ հանրային բանալուն պատկանող մասնավոր բանալու տերը։

-Իսկ ի՞նչ են Bitcoin-ներն իրավունքի տեսանկյունից։

-Իրավագիտության տեսանկյունից դեռևս պարզ չէ, թե ինչ իրավական կարգավիճակ պետք է ունենա այդ գույքային արժեքը։

-Ինչո՞ւ։

-Որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ճանաչում է միայն որևէ գույքի նկատմամբ տիրապետումը կամ սեփականությունը կամ մեկի հանդեպ պահանջներ կամ իրավունքներ ունենալու հանգամանքը։ Իրավաբանական պրոբլեմն այն է, որ Bitcoin-ները ֆիզիկապես գոյություն չունեն ու չեն ներկայացվում նաև որոշակի տվյալների միջոցով։ Մեզ համար հատկապես հեշտ է գույքի իրավական գնահատականը, որովհետև դա համապատասխանում է մեր ինտուիցիային. գույքը ֆիզիկապես գոյություն ունի, կարելի է դրան ձեռք տալ, հոտ քաշել դրանից, համտեսել կամ լսել դրա ճռռոցը։ Որևէ գույքի պատկանելությունը մի անձի ինքնըստինքյան հասկանալի է բան է։ Ինչ-որ մեկն ունի գույքի նկատմամբ տնօրինման իրավազորություն և, կախված ստեղծման, փոխանցման, ժառանգման , երբեմն նաև գտանքի կամ տիրապետման վաղեմության կոնկրետ հաջորդականությունից, կա մի սեփականատեր, այսինքն՝ գույքի նկատմամբ իրավական իշխանություն ունեցող անձ։

Bitcoin-ներն ու կրիպտոարժույթները, սակայն, գույք չեն, որովհետև դրանք գոյություն ունեն միայն վիրտուալ ձևով։ Եվ, բացի այդ, դրանց էությամբ պայմանավորված՝ հնարավոր չէ առանձնացնել նաև դրանց նկատմամաբ տիրապետումն ու սեփականությունը։ Գործնականում վճռորոշ նշանակություն ունի միայն հաշվի պարունակության նկատմամբ տնօրինման իրավազորությունը, այն է՝ մասնավոր բանալու իմացությունը։ Հաշիվն ինքը, ի տարբերություն բանկային հաշվի, կապված չէ մի կոնկրետ անձի հետ։ Չկա հաշվի տեր, այլ կա միայն հաշիվ մուտք գործելու հնարավորություն ունեցող։ Ամեն ինչ նույնն է նաև այսպես կոչված Hardware-Wallet-ների, այն է՝ USB-կրիչների կամ արտաքին կոշտ սկավառակների տեսքով վիրտուալ դրամապանակների դեպքում։ Դրանք նույնպես իրենց հետ կապված Bitcoin-ներին չեն հաղորդում գույքի որակ, որովհետև այդ ֆիզիկական կրիչները, ի տարբերություն արժեթղթերի կամ ֆիզիկական փողի, չեն մարմնավորում մի որոշակի արժեք, այլ ընդամենը բանալու բանալի են։ Hardware-Wallet-ի՝ իբրև առարկայի նկատմամաբ սեփականությունն ինքը գրեթե անարժեք բան է։

-Գուցե երկրորդ տարբերակն է, այսինքն՝ հաշվի վրա գտնվող Bitcoin-ները պահանջներ կամ իրավունքներ են։

-Ոչ մի դեպքում։ Պահանջները կամ իրավունքերն ստեղծում են մեկ կամ մի քանի անձանց հանդեպ պահանջի իրավունքներ։ Վիրտուալ արժեմիավորն ուղղակի գոյություն ունի։ Ես կարող եմ այն փոխանցել կամ այդպես թողնել, բայց առանց պարտավորական պայմանագրի, զուտ վիրտուալ արժեմիավորի նկատմամբ իմ իշխանության հիման վրա չեմ կարող մեկ ուրիշից մի բան պահանջել։ Այստեղ կրկին երևում է բանկային հաշվի համեմատ տարբերությունը. մեկ ուրիշի փոխանցումն իմ հաշվի համարին թեև ինձ նույնպես տալիս է արժեմիավոր, բայց դրանից բացի ինձ համար ստեղծում է իմ բանկի հանդեպ փոխանցված գումարն իմ հաշվին «նստեցնելու» պահանջի իրավունք։

-Եթե Bitcoin-ները քաղաքացիաիրավական առումով պահանջի իրավունքներ չեն, ապա ի՞նչ են, ի վերջո։

-Առաջին հայացքից կարծես հնարավոր է թվում Bitcoin-ները համարել ոչ նյութական բարիքներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի իմաստով կամ, ասենք, մտավոր սեփականության իրավունք՝ 132-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով։ Բայց մտավոր սեփականության իրավունքները սահմանվում են հատուկ օրենքների, օրինակ՝ Հեղինակային իրավունքի մասին օրենքի միջոցով։ Bitcoin-ները, սակայն, ո՛չ հեղինակային իրավունք են, ո՛չ անհատականության իրավունք, և ոչ նյութական բարիքների մասին մյուս օրենքները նույնպես Bitcoin-ների նկատմամբ կիրառելի չեն։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով Bitcoin-ները, փաստորեն, գոյություն չունեցող բան են։

-Իսկ իրավական առումով ուրիշ ոչ մի կերպ դրանք որակել հնարավո՞ր չէ։

-Որոշ իրավաբաններ մտածում էին, թե գուցե հնարավոր լինի Bitcoin-ները որակել իբրև էլեկտրոնային փող։ Բայց այդպիսին լինելու համար դրանք պիտի պահանջի իրավունքներ լինեն։ Քանի որ ոչ ոք դրանց իրական արժեքը և համակարգի տեխնիկական գործունությունը չի երաշխավորում, ուստի չկա պահանջի հասցեատեր։ Երբ մենք Bitcoin-ներ ենք գնում, ապա թեև կնքում ենք ատիպիկ կապալի պայմանագիր պայմանագրային ազատության հիման վրա՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ մասի, բայց պայմանագրի մյուս կողմի գործունեությունն սպառվում է Bitcoin-ները մեր Wallet-ի մեջ գտնվող հանրային բանալու վրա փոխանցելով։ Հենց Bitcoin-ները փոխանցվում են, պայմանագիրն այդ պահից համարվում է պատշաճ կատարված, և պարտավորությունը դադարում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասի ուժով։

-Իսկ օրենսդիրը կարո՞ղ է որոշակիություն մտցնել այդ հարցում։

Այո, կարող է ու ամենայն հավանականությամբ միջոցներ ձեռք կառնի այդ ուղղությամբ, երբ սպառողներն աղմուկ բարձրացնեն Bitcoin-ում ներդրած իրենց գումարները կորցնելու պատճառով։

-Փաստորեն կա նման ռիսկ։

-Այո, իհարկե։ Եթե օգտատերը կորցնի իր գաղտնաբառը՝ մասնավոր բանալին, ապա կկորցնի նաև Bitcoin-ները։ Դրանք թեև կշարունակեն պահպանվել համակարգում, բայց ոչ ոք այլևս մուտք չի ունենա այնտեղ։ Կամ եթե պատահաբար սխալ թույլ տա փոխանցում կատարելիս, սխալ նշի ստացողի հաշվի համարը կամ փոխանցվող գումարի չափը, ապա չկա մեկը, ով կկարողանա ուղղել այդ սխալը։ Այս տեսանկյունից սովորական սպառողի համար ռիսկը բավականին մեծ է։

Շատ անպատասխան հարցեր կան նաև հարկային իրավունքի ոլորտում։ Ես ճիշտն ասած որևէ տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչպիսի վերաբերմունքի է արժանանում Bitcoin-ը ՀՀ Կենտրոնական բանկի կամ հարկային մարմինների կողմից։ Կա՞ արդյոք պաշտոնական դիրքորոշում դրա վերաբերյալ։ Պե՞տք է արդյոք գանձվի եկամտահարկ կամ շրջանառության հարկ։ Օրինակ՝ Լյուքսեմբուրքի Եվրոպական դատարանն իր որոշումներից մեկում (C-264/14) դիրքորոշում է հայտնել, որ Bitcoin-ի փոխանակման համար ավելացված արժեքի հարկ չպետք է գանձվի, Bitcoin-ը պետք է փոխանակման դեպքում արժանանա նույն վերաբերմունքին, ինչպես մյուս վճարամիջոցները, ասում են Լյուքսեմբուրգի դատավորները։

-Իսկ ինչքանո՞վ է Bitcoin-ը ռիսկային գողության կամ խարդախության համար։

Bitcoin-ի «գողություն» ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի իմաստով հնարավոր չէ, որովհետև, ինչպես արդեն ասացի, Bitcoin-ը գույք չէ։ Կիրառելի չէ նաև քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածը, որի փաստակազմի պարտադիր հատկանիշ է կրկին գույքը։ Bitcoin-ը խոցելի է այսպես կոչված հաքերության (Bitcoin-Hack) իմաստով։ Bitcoin-Hack-ի դեպքում «վերծանվում է» մասնավոր բանալու ծածկագիրը, բայց բանալին ինքը չի վնասվում։ Երբ հաքերը բոլոր Bitcoin-ները փոխանցի այլ հաշվի, ապա թեև մասնավոր բանալին նախկինի նման տեղում է մնում, բայց Hack-ից հետո կապված է արդեն «դատարկ» հանրային բանալիների հետ։ Եթե հաքերին ընդհանրապես բացահայտել էլ լինի, միևնույն է նրա հանդեպ դելիկտային պահանջի իրավունքերը քաղաքացիական իրավունքի 1058-րդ հոդվածի իմաստով շատ դժվար կլինի հիմնավորել։

-Ինչո՞ւ։

-Որովհետև նախ հարց է ծագում, թե արդյոք Bitcoin-ն ընդհանրապես մտնում է տվյալ նորմի պաշտպանության ոլորտի մեջ։ Bitcoin-Hack-ի դեպքում, ինչպես արդեն ասացի, ոչինչ չի վնասվում, ո՛չ մասնավոր բանալին, ո՛չ էլ առավել ևս ինֆորմացիայի կրիչները։ Հետևաբար, տուժողի գույքը վնասված չէ, որի պատճառով նա որևէ պահանջի իրավունք քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի հիման վրա չի ստանում։

-Այսինքն, կորցրածը վերադարձնելու ոչ մի հնարավորություն չկա՞։

-Ես մտածում եմ, որ գուցե հնարավոր լինի կորցրածը հետ ստանալ անհիմն հարստացման կանոններով, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին տարբերակով։ Կարծում եմ, որ «գույք» հասկացությունն այդ նորմի իմաստով կարող է ներառել նաև Bitcoin-ը՝ իբրև որոշակի հարստացում հաշվեմիավորների տեսքով։ Արդյունքում ստացվում է, որ հաքերն իր տեսանկյունից հարստացել է հաշվի նկատմամբ տնօրինման իրավազորություն ունեցող նախկին անձի հաշվին, և այդ ամենը տեղի է ունեցել առանց օրինական հիմքերի, հակառակ դեպքում դա կլիներ ոչ թե Hack, այլ նորմալ փոխանցում։ Սովորական ավել բանկային փոխանցումները, օրինակ, նույնպես լուծվում են անհիմն հարստացման կանոններով։ Ընդ որում առանց օրինական հիմքի այլ հաշվի փոխանցված արժեմիավորները պարտադիր չէ նորից հետ փոխանցել։ Ըստ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 1-ին մասի՝ բավարար է իրական արժեքի հատուցումը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր սպառողներին, ովքեր օգտվում են այդ ծառայություններից։

-Կրիպտոարժույթներից օգտվողներին խորհուրդ կտամ առայժմ իրենց մասնավոր բանալու նկատմամբ տնօրինման իրավազորությունը հնարավորինս ապահով պահել։ Առավել ապահով է դրանք սեփական արտաքին կրիչների վրա պահպանելը։ Իսկ բացարձակ ապահովություն կարող են երաշխավորել միայն օրենսդիրն ու դատարանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել