ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի կողմից օրենսդրական կարգով ներկայացվել է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է հաշմանդամության կարգ ունեցող անձնանց ստացված եկամուտները եկամտային հարկով չհարկել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ օրակարգային հարցը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով փաստարկվում է այն հանգամանքով, որ դա, ըստ էության խթաններ կստեղծի տնտեսվարողների համար, որպեսզի ավելի շատ հաշմանդմաների ներգրավել աշխատանքային հարաբերությունների մեջ։
«Ընդհանուր նկատառումը չնսեմացնելով՝ մենք խնդիր ենք տեսնում։ Առաջինը՝ պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկ վճարողն իրականում հենց ֆիզիկական անձն է, և ոչ՝ տնտեսվարողը, և տնտեսվարողը նայում է համընդհանուր ծախսի տեսանկյունից։ Այսինքն, եթե 100 հազար դրամ վճարում է և եկամտային հարկը թողնվում է տվյալ հաշմանդամի մոտ, ամեն դեպքում, որևէ ծախսային փոփոխություն տնտեսվարողի մոտ չի առաջացնում, որպեսզի նա ավելի շատ հաշմանդամների ներգրավի։
Երկրորդը՝ մենք օրենքում արդեն իսկ նման նորմ սահմանել ենք, մեր գործընկերոջ կողմից փաստարկվում է, որ չկա օրենսդրության մեջ, բայց՝ կա։ Մենք տնտեսվարողների շահագրգռելու համար ասում ենք, որ հաշմանդամների վճարած եկամուտները ոչ է 100%, այլ 150 տոկոսվ նվազեցվում է իրենց շահութահարկի բազայից։ Այսինքն, մենք 50 տոկոս բոնուս ենք տալիս, որպեսզի տնտեսվարողը շահագրգռված լինի ավելի շատ հաշմանդամների վերցնել աշխատանքի»,-մանրամասնեց նախարարը։
Սրանից բացի Վարդան Արամյանի խոսքով հաշմանդամություն ունեցող անձիք հետագայում կենսաթոշակային իրավքունքների հարցում հնարավոր է խնդիր առաջացնի։ Խնդիրը այն է, որ բազային կենսաթոշակ ստանալուց բացի, որպես եկամտային հարկ վճարող նաև տարեկան ստաժների համար հավելումներ են ունենում։
«Մենք կարծում ենք, որ այս օրենքի ընդունումից պետք է ձեռնպահ մնանք։ Մեր դիրքորոշումը բացասական է»,-ամփոփեց Վարդան Արամյանը։
Հարցեր և առարկություններ չեղան։ Օրինագիծը հավանության չարժանացավ։