Գործարար Սերգեյ Պոլոնսկին առաջադրվել է Ռուսաստանի նախագահի թեկնածու: Այդ մասին ձեռնարկատերը հայտնել է Instagram-ի իր էջում:
Ավելի վաղ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաստատել են, որ ծանուցում են ստացել գործարարի աջակցության խմբից Պոլոնսկու առաջադրման հարցով նախաձեռնող խմբի ժողով անցկացնելու մասին:
Պոլոնսկին հայտնել է, որ պատրաստվում է ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով կիրակի:
Նշենք, որ մինչև 2008 թվականի ճգնաժամը գործարարը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր: 2017 թվականի հուլիսին նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման էլիտար շենքի կառուցման ժամանակ յուրացումների մասին գործով և ազատվել պատժից գործի վաղեմության ժամկետի լրանալու առնչությամբ:
ՌԴ-ի նախագահի թեկնածուն կարող է առաջադրվել կուսակցության կողմից կամ մասնակցել ընտրություններին ինքնաառաջադրվելով: Ինքնաառաջադրվելու դեպքում հարկավոր է հավաքել ընտրողների նախաձեռնող խումբ, որտեղ կլինի առնվազն 500 մարդ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է դեկտեմբերի 18-ին: