«Մարդիկ աշխատել են, իրենց քրտինքով աշխատած գումարներն են ծախսել դրա վրա ու հիմա արգելում են». փաստաբան

Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:  Այսպիսի հիմնավորում է ներկայացվում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից՝ աջ ղեկով մեքենաների շահագործումը արգելելու մասին օրենքի նախագծում:

Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել  մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված  տրանսպորտային միջոցների  շահագործումը, սակայն սահմանափակել  տրանսպորտային միջոցների վերահաշվառումը՝ այսինքն կարգելվի աջ ղեկով մեքենաների վաճառքը:

Փաստաբան Դավիթ Ասատրյանը Իրավաբան.net -ի հետ զրույցում նշում է, որ մեքենայի վաճառքի արգելքն ուղղակի սեփականության իրավունքի կոպիտ խախտում է․

«Սեփականության իրավունքը կարող է խախտվել միայն օրենքով սահմանված կարգով, այն էլ բավարար հիմքով: Աջ ղեկով մեքենա վարելու դեպքում պետությունը կսահմանափակի սեփականությունը տնօրինելու իրավունքը: Իրավունքը սահմանափակվում է առանց փոխհատուցման, առանց օրենքի»,-նշում է նա:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկայացնել առաջարկություն  Մաքսային  միության հանձնաժողովի և  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) ներառել նաև Հայաստանի Հանրապետությունը:

Փաստաբանը կարծում է, որ սխալ է Հայաստանը համեմատել ժողովրդավարություն չունեցող Բելառուսի և Ղազախստանի հետ, որտեղ աջ ղեկով մեքենաները վաղուց են արգելված: Հայաստանում այդ գործընթացը սկսելու համար արդեն շատ ուշ է:

«Երկրում մեքենաների 20-30 տոկոսը արդեն աջ ղեկով են: Ստացվում է, որ մարդիկ աշխատել են, իրենց քրտինքով աշխատած գումարներն են ծախսել դրա վրա ու հիմա արգելում են: Հայաստանում այս մեքենաներից չափազանց շատ կան և դրանք մեծ գումարներ արժեն, դրանք Հայաստանի բնակչության սեփականությունն են, ՀՆԱ-ն են, մեր շրջանառությունն է: Եվ այդ փողերը կառավարության որոշմամբ արժեզրկվում ու զրոյացվում են: Տասնյակ միլիարդավոր դրամների կորուստ է տալիս Հայաստանը»,- նշեց Դավիթ Ասատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը այս նախագիծը պատահական չի ներկայացրել, և դրա համար պատճառներ կան. «Խոսակցութոյւններ կան, որ ՌԴ-ում մեծ քանակությամբ օգտագործված մեքենաներ կան, որոնք շուկա չունեն և Հայաստանը կարող է դառնալ դրանց համար շուկա»:

Նրա խոսքով՝ նախագծի հիմնավորման համար ցույց տրված վիճակագրութոյւնը ոչինչ չի ապացուցում: Դրա համաձայն՝ ձախ ղեկ ունեցող մեքենաները ավելի վտանգավոր են երթևեկության համար (2.5), քան աջ ղեկովները (1.5):

«Կառավարության որոշումները կարելի է վիճարկել և՛ Սահմանադրական դատարանով, և՛ վարչական դատարանով, սակայն դրանք դեռ ուժի մեջ չեն»,-նշում է փաստաբանը:

Դավիթ Ասատրյանը վարորդներին մի ելք է առաջարկում՝ այս նախագծի ընդունման դեմ պայքարելու համար. «Պետք է բողոքի ցույց կազմակերպեն, դուրս գան փողոցներ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել