Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:
Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել և ամբողջացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում: