ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային:
Ներկայացնելով նախաքննական մարմնի աշխատանքի առանձնահատկությունները` Վահրամ Շահինյանը նշել է, որ տարեցտարի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները գործ են ունենում առավել հմուտ և բազմափորձ մեղադրյալների հետ, իսկ այդ առումով խիստ կարևոր է քննչական աշխատանքի բոլոր նրբություններին լավ տիրապետելը, համապատասխան փորձառության առկայությունն ու մասնագիտական գիտելիքների կատարելագործումը: Նշված հարցում Ծառայությանը կարող է մեծապես օգնել ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթների նման գործառույթներ իրականացնող` Հունաստանի Հանրապետության իրավապահ կառույցների հետ համագործակցությունը, որի շրջանակներում քննիչները հնարավորություն կունենան ընդգրկվել վերապատրաստման և փորձի փոխանակման միջազգային տարբեր ծրագրերում:
Եվրոպական երկրների համապատասխան կառույցների հետ համագործակցելու ՀՀ հատուկ քննչական ծառայության նախաձեռնությունը խիստ ողջունել է նաև դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան, ով կարևորել է մասնագիտացված նախաքննական մարմնի աշխատանքները հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք հանցատեսակների, այդ թվում` տնտեսական հանցագործությունների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր: Դեսպանը, անդրադառնալով Հունաստանում գործող իրավապահ կառույցներին, պատրաստակամություն է հայտնել նպաստել հիշյալ մարմինների և ՀՀ հատուկ քննչական ծառայության միջև համագործակցության ձևավորմանը: