Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալուն:
Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիր իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում:
Նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝
հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.
սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:
Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար
Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝
Տնտեսություն՝ 17238
Բնակիչ՝ 56068
Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝ 17048
Գազի բաժանորդ՝ 9978
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը, հակառակ դեպքում՝ 01.01.2018թ-ից կդադարի սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության վերը նկարագրված ծրագրի իրականացումը: