Սոցիալական աջակցության ծրագիր՝ սահմանամերձ 37 բնակավայրում

Կառավարության վաղվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծին հավանություն տալուն:

Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիր իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում:

Նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝

հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.

հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.

Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:

ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.

սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար

Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝

Տնտեսություն՝                                               17238

Բնակիչ՝                                                        56068

Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝                17048

Գազի բաժանորդ՝                                       9978

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը, հակառակ դեպքում՝ 01.01.2018թ-ից կդադարի սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության վերը նկարագրված ծրագրի իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել