ՀԵԻԱ-ի Հայաստանի իրավունքի պատմության
հանձնաժողովի ղեկավար, իրավաբան
Մարատ Ատովմյան
18.12-20.12.2007թ., «Իրավունք» օրաթաթերթ
ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ մենք թևակոխեցինք ավելի ազատ համակարգ և ընտրեցինք ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու ճանապարհ, շատ երևույթների և հարցերի հանդեպ մեր ընկալումներն ու պատկերացումները փոխվեցին, կյանքի ամենատարբեր ոլորտներում սկսեցինք բարեփոխումներ ու վերափոխումներ իրականացնել: Սակայն որոշ ոլորտներում իրականացվող բարեփոխումները մակերեսային բնույթ են կրում և չեն հանգեցնում արմատական վերափոխումների: Բարեփոխվող ոլորտներից մեկն էլ մեր պետության արդարադատության համակարգն է: Հայաստանի դատական համակարգը առաջին անգամ արմատապես փոխվեց 1999թ.-ին, որի արդյունքում ձևավորվեց եռաստիճան դատական համակարգ: Սակայն այդ բարեփոխումների արդյունքում այդպես էլ չձևավորվեց անկախ դատական համակարգ, որը կվայելեր հասարակության գերակշռող մասի վստահությունը: Ուստի հասարակության մեջ արմատավորվեց այնպիսի կարծիք, որ մեր դատարանները ավելի շատ անկախ են օրենքից, քան իշխանության մյուս թևերից և տարբեր տեսակի ներազդեցություններից: Սակայն բոլորիս գիտակցության մեջ պետք է հստակ և անշրջելիորեն ամրագրվի, որ դատարանները երրորդ իշխանություն են, որոնք պետք է զերծ մնան ցանկացած ճնշումներից ու ներազդեցություններից: Դրական կարելի է գնահատել այն միտումը, որ մեր համաքաղաքացիները փորձում են առկա վեճերը կարգավորել դատական կարգով: Սակայն դեռևս պահպանվում է խորհրդային տարիներից եկող հասարակական այն կարծիքը, որ դատարանը ավելի հակված է պաշտպանել իշխանության շահերը: Շատ կարևոր է, որ դատավորները հստակ գիտակցեն, որ իրենք իրականացնում են ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅՈւՆ, որ իրենցից է կախված Հայաստանի` որպես իրավական և ժողովրդավարական պետության կայացումը, մեր պետության միջազգային հեղինակությունը և մեր համաքաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ: Ի տարբերություն մեզ` այս ամենի գիտակցումը շատ ավելի արագ է ընթանում սոցիալիստական անցյալ ունեցող եվրոպական պետություններում: Տարիներ առաջ տողերիս հեղինակը հնարավորություն ունեցավ այս հարցերը քննարկելու Բուլղարիայի երիտասարդ դատավորների հետ, որոնք համոզված էին, որ նրանք այս կամ այն գործը քննելիս չպետք է հաշվի առնեն շահագրգիռ պաշտոնյայի ցանկությունը, քանի որ դա կարող է բացասական ստվեր գցել իրենց դատական կարիերայի վրա: Առավել ևս, որ այդ պաշտոնյան պաշտոնավարելու է շատ ավելի կարճ ժամանակ, քան դատավորը:
Ժողովրդավարական պետություններում նորմալ է ընդունվում, եթե հասարակությունը քննադատում է օրենսդիր, գործադիր իշխանությունները, այս կամ այն պաշտոնյայի արտահայտած կարծիքը: Սակայն պետությունը, որտեղ հասարակությունը քննադատում և չի վստահում դատարանին, իրականում ժողովրդավարական և իրավական հանդիսանալ չի կարող: Դա նշանակում է, որ այդ պետությունում արդարադատություն լիարժեքորեն չի իրականացվում, օրենքերը անշեղորեն չեն կատարվում, և մարդու իրավունքները բավականին թույլ են պաշտպանվում: Ցավալի է այն հանգամանքը, որ Հայաստանում փաստաբանությունը որպես ինստիտուտ դեռևս չի կայացել և շատ դեպքերում մարդիկ հանդիպում են այնպիսի փաստաբանների, որոնք, պահի հրամայականով թելադրված, նյութական շահը ավելի են գերադասում մասնագիտական էթիկայից, իրենց հեղինակությունից և իրենց վստահորդների շահերից: Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր պետության արդարադատության համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի: Այս բարեփոխումներում իրենց զգալի դերակատարումը պետք է ունենան նոր սերնդի իրավաբանները, որոնք, բարձր մասնագիտական գիտելիքներ ունենալուց բացի, կլինեն նաև սկզբունքային, պատասխանատու, հայրենասեր և բարոյական բարձր հատկանիշներով օժտված:
Այն, ինչ մեզ մտահոգում է այսօր մտահոգել է նաև մեր մեծ նախնիներին, ուստի պատահական չէ, որ հայ իրավական որոշ հուշարձաններում դատարանին և դատավորի վարքագծին ու կարգավիճակին վերաբերող, մինչ օրս բավականին արդիական դրույթներ են ամրագրվել: Այս կապակցությամբ կցանկանայի կատարել մի մեջբերում Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական» աշխատությունից (1166թ.), որտեղ իշխանավորներին դիմելով ասված է. «Անիրավությամբ մի դատեք որևէ մեկին, այլ ուրիշ դատաստան արեք, որպեսզի Աստված էլ ձեզ քաղցրությամբ դատի և ոչ խստությամբ: Կաշառքը, կողմերից մեկին սիրելը, ատելությունն ու ոխակալությունը կամ որևէ մեկից սպասվելիք պատիվը թող պատճառ չլինեն, որ դատի ժամանակ անիրավին արդարացնեք և արդարի իրավունքները խեղաթյուրեք, որպեսզի սրանց պատճառով ձեր հոգիները արժանի չլինեն Աստծո օրինաց անեծքին»: Դատարանների գործունեությանը և դատավորի կեցվածքին վերաբերող բավականին առաջադեմ նորմեր են ամրագրվել նաև Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» (1184թ.): Ըստ Գոշի` դատարանի նպատակը պետք է լինի արդարության բացահայտումը, մարդկանց միջից խռովությունը վերացնելը, նրանց համերաշխեցնելը, իսկ դատավորը պետք է օժտված լինի և տեսական գիտելիքներով, և աշխատանքի փորձ ունենա, որպեսզի անսխալ վարի դատական գործը: Դատավորը պետք է չափահաս լինի, գիտակ, անկաշառ, որպեսզի սխալ որոշում չկայացնի և համարձակ լինի դատարանում ու արդար և այլն: Ըստ նրա` դատավարությունը պետք է ընթանա մրցակցային սկզբունքով և վկաների ներկայությամբ: Արդար և անկողմնակալ դատավարության վերաբերյալ դրույթները տեղ են գտել նաև Կիլիկիո Սպարապետ Սմբատի «Դատաստանագրքում» (1265թ.): Այս ամենը վկայում է, որ մենք` հայերս, պատմականորեն ունեցել ենք արդար դատական համակարգի վերաբերյալ ճիշտ պատկերացում: Պետք է կարողանանք օրենքով ամրագրվածը կիրառել կյանքում և, հնից վերցնելով դրականը, նրան զարգացում հաղորդել ապագայում:
Հայաստանում դատական համակարգի ևս մեկ վերափոխում տեղի է ունենում ներկայումս, որի արդյունքում 2008թ.-ի հունվարի մեկից ներդրվել է նոր դատական համակարգ: Այս դատական համակարգի շրջանակներում մեզանում առաջին անգամ գործելու են նոր դատական ատյաններ` մասնագիտացված դատարաններ: Մեր դատական համակարգի զարգացմանը միտված քայլերը ողջունելի են, սակայն որոշ մասնագետների կարծիքով ՀՀ Դատական օրենսգիրքը զգալի թերություններ և անճշտություններ ունի, որոնք չեն կարող ներկայացվել այս հոդվածի շրջանակներում: Սակայն կցանկանայի կանգ առնել կարևորագույներից մեկի վրա: Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի համաձայն` ՀՀ վերաքննիչ դատարանը իր իրավասության սահմաններում վերանայում է ընդհանուր իրավաuության, քաղաքացիական և քրեական դատարանների՝ գործն ըuտ էության լուծող դատական ակտերը, բացառիկ դեպքերում նաև oրենքով նախատեuված միջանկյալ դատական ակտերը, ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների uահմաններում: Այս դեպքում անհասկանալի և անտրամաբանական է դառնում, թե վերաքննիչ դատարանը, իրավասություն ունենալով վերանայել դատական ակտերը, ինչպե՞ս է օրենսդրի կողմից օժտվում դատական ակտը ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելու լիազորությամբ՝ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ:
Նշենք նաև, որ մեր նոր դատական համակարգի գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի կողմից քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերում կատարվել են մեծաթիվ փոփոխություններ, և մեզանում առաջին անգամ ընդունվել է վարչական դատավարության օրենսգիրք: Սակայն, իրավական պետության սկզբունքներին հակառակ, չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր նշված փոփոխությունների վերաբերյալ հանրության իրազեկման ուղղությամբ` ԶԼՄ-ները այդ ամենին բավարար չափով չեն անդրադառնում, «Պաշտոնական տեղեկագրում» 2007թ. դեկտեմբերի վերջին հրապարակված դատավարական օրենսգրքերի փոփոխությունները շատ արագ սպառվել են, իսկ վերահրատարակումը նախատեսվում է 2008թ. հունվարի վերջին: Փաստորեն ոչ դատավորներին, ոչ իրավապահ մարմինների աշխատակիցներին, ոչ փաստաբաններին, ոչ իրավաբաններին և ոչ էլ հասարակությանը չի տրվում հնարավորություն պատշաճ կարգով ծանոթանալու այս կարևորագույն իրավական փաստաթղթերին և հարմարվելու «խաղի նոր կանոններին»: Մեր իրականության մեջ հասարակությունը ոչ միշտ է պատշաճ կարգով տեղեկացվում փոփոխված «խաղի կանոնների վերաբերյալ»: Օրինակ` ճանապարհային երթևեկության կանոնները ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 2007թ. հունիսի 28-ին, ուժի մեջ են մտել 2007թ. սեպտեմբերի մեկից, իսկ ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են 2007թ. սեպտեմբերի 5-ին:
Մինչդեռ նշենք, որ իրավական պետությունը իրավունքի (օրենքի) գերակայության հիման վրա հաստատված համապարփակ քաղաքական կազմակերպություն է, որտեղ երաշխավորվում է մարդու իրավունքների կենսագործումն ու պաշտպանումը: Իրավական պետության բարոյական հենքն են համամարդկային արժեքները՝ ազատությունը, արդարությունը, մարդասիրությունը:
Նշենք իրավական պետության որոշ հատկանիշներ.
1. Օրենքի գերակայությունը հասարակական հարաբերությունների բոլոր բնագավառներում:
2. Պետության և իրավունքի հարաբերակցության մեջ իրավունքի առաջնայնությունը, այսինքն՝ պետությունն ինքը ևս պետք է գործի իրավունքի հիման վրա և իրավունքի սահմաններում: Պետության հրապարակած իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավունքի հանրաճանաչ չափանիշներին՝ ազատության, արդարության, հավասարության, մարդասիրության պահանջներին:
3. Անհատի և պետության` որպես իրավունքի սուբյեկտների հավասարությունը և նրանց փոխադարձ պատասխանատվությունը:
4. Անձի իրավունքների ու ազատությունների օրենսդրական ամրագրումը և իրականացման մեխանիզմների ապահովումը:
5. Բոլորի հավասարությունը օրենքի և դատարանի առաջ, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը:
Բացի այդ` իրավական պետությունը պետություն է, որտեղ գոյություն ունեն հստակ, կայուն և բոլորին հայտնի «խաղի կանոններ» մարդու և իշխանության միջև: Դա պետություն է, որտեղ մարդը հստակ գիտի, թե ինչպես իշխանությունները կարձագանքեն իր վարքագծին, քանզի այդ պետությունում կառավարում են ոչ թե ինքնակամ պաշտոնյաները, այլ օրենքը:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ մենք դեռ ճանապարհ պետք է անցնենք Հայաստանում լիարժեք գործող և հասարակության վստահությունը վայելող արդարադատության համակարգ ունենալու համար, համակարգ, որը կերաշխավորի արդյունավետ արդարադատության իրականացումը, արդարադատություն, որը իր մեջ կներառի ինչպես բարոյական` «արդար», այնպես էլ իրավական՝ «դատ» բաղադրիչները: Այս ճանապարհը հաջող հաղթահարելու համար պետք է քաղաքական կամք, քաղաքացիական համերաշխություն, կայունություն, պետության և հասարակության ներուժի մոբիլիզացում, որը կհանգեցնի միևնույն նպատակների և այդ նպատակներին միասնական ջանքերով հասնելու ցանկության իրականացմանը: