Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 11.10.2016թ. №428-Ա/ԿԳ-16210 որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ ՝ «ATV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ հաղորդման մասնակցի հասցեին հրապարակայնորեն «…արգանդդ չորանա…» արտահայտություն կատարելու վարքագիծը ստուգելու և նշված վարքագծի՝ փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից քննարկելու նպատակով։
Միաժամանակ, հարկ է նշել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ: