Քիչ առաջ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ֆեյսբուքյան մի հրապարակման:
«Համացանցում մի քաղաքացի, որը ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը եւ հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա եւ մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն՝ առավել եւս նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով:
Ողջունելով մամուլի ազատությունը և բազմաբովանդակ լրատվամիջոցների առկայությունը մեր երկրում, այնուամենայնիվ, ցանկանում ենք հայտնել, որ սուտ տեղեկություն տարածած իրենց լրատվամիջոց համարողների հրապարակումներով արդեն զբաղվում են մեր իրավաբանները: Ակնհայտ զրպարտչական բնույթի նյութ տարածելու համար պետք է պատասխանատվություն կրեն բոլորը. Խոսքի ազատությունն առաջին հերթին պետք է պատասխանատվություն ենթադրի: Փողոցային մակարդակի բամբասանքներ տարածելը հարիր չէ լրատվամիջոցներին:
«Երևան սիթին» եղել և մնում է իր հաճախորդներին հավատարիմ՝ մատուցելով բացառապես որակյալ և օրինակելի ծառայություն: Շնորհակալություն՝ մեր ցանցից օգտվելու համար: