ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի երթևեկության բարելավման ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի լուսացույցն ու «Կանգ» գիծը մոտ 25 մետր դեպի խաչմերուկ տեղափոխելու հաշվին նշված խաչմերուկում հնարավոր է Բաղրամյան պողոտայի տվյալ խաչմերուկին հարող հատվածի երեք երթևեկելի գոտիներին մոտ 20 մետր երկարությամբ տարածքում ավելացնել նաև 4-րդ երթևեկելի գոտին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ բեռնաթափել խաչմերուկը և խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից ու հնարավոր խցանումներից:
Միաժամանակ, նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կկատարեն առանց լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:
Նշված փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ կլինի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կառուցել անվտանգության կղզյակ:
Կից ներկայացվում են նշված խաչմերուկի գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:
Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: