Նախկինում դատված ֆիզկուլտուրայի ուսուցիչ 30-ամյա Լևոնը ամբաստանյալի աթոռին նորից է հայտնվել՝ աշխակերտի հանդեպ բռնություն կատարելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ այս տարվա մարտի 30-ին Ս.Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցի մարզադահլիճում, համապատասխան համազգեստով դասին չներկայանալու համար «7բ» դասարանի 3 աշակերտի հրանգել է մարզադահլիճի մուտքից դեպի աջ ընկած հատվածում գետնի վրա «հենում պառկած» դիրք ընդունել: Տղաներից մեկը չի կարողացել նրա ասած դիրքով մնալ և ոտքերի ծնկները դրել է գետնին:
Իսկ ուսուցիչը մոտեցել է նրան ու բռունցքով դիտավորությամբ հարվածել նրա աջ ուսագոտու հետին մակերեսին՝ տղային պատճառելով արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Այնուհետև նստել է տղայի կողքին գտնվող նստարանին և մեկ անգամ ձախ ձեռքի ափով և մեկ անգամ ձեռքերի մատներով դիտավորությամբ հարվածել է տղայի գլխի հետևի հատվածին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ:
Գործն ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մակագրվելով դատավոր Լևոն Ավետիսյանին: Դատարանում սակայն ամբաստնյալն ու տուժող տղան ու նրա ներկայացուցիչ մայրը հայտարարել են, որ հաշտվում են, ինչի հիմքով էլ 30-ամյա ուսուցչի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվելու որոշում է ընդունվել և գործը կարճվել է: