Հաջողության պատմություն. ըստ ՃՈ-ի՝ տեսանյութում հստակ ֆիքսվել է վարորդի խախտումը, սակայն դատարանը կայացրեց իր վճիռը

Վարդան Ամարյան 20 հազար ՀՀ դրամի չափով տուգանվել է Ճանապարհային ոստիկանության կողմից այն բանի համար, որ Տերյան-Կորյուն խաչմերուկում չի ենթարկվել արգելող նշանին:

Հայցով դիմելով Վարչական դատարան՝ նա դիրքորոշում է հայտնել, որ լուսացույցի կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է և շուտով կմիանա արգելող ազդանշանը: Ինքը, Տերյան-Կորյուն խաչմերուկում, մուտք է գործել լուսացույցի կանաչ ազդանշանը թարթելիս, ինչը թույլատրում է երթևեկությունը, այսինքն՝ բացակայում է վարչական իրավախախտման թե՛ դեպքը, թե՛ կազմը։

Դատավորին է ներկայացվել իրավախախտման վերաբերյալ ապացույցը՝ տեսանյութը, իսկ պատասխանողը նշել է, թե հայցվորի պնդումները, որ ինքը հատել է գիծ գծանշումը թարթող կանաչ լույսի առկայությամբ՝ անհիմն են, քանի որ տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է անջատվում լուսացույցի սեկցիայի կանաչ ազդանշանը և որևէ թարթ այլևս չի լինում, հայցվորի տրանսպորտային միջոցը կադրում է հայտնվում միայն 10։57։35-րդ վայրկյանին, իսկ կանգ գիծ գծանշումը հատում է միայն 10։57։38-րդ վայրկյանին, այսինքն՝ կանաչ լույսի մարելուց հետո 4 վայրկյան անց: Ներկայացված փաստերի հիման վրա՝ պատասխանողը դատարանին խնդրել է հայցը մերժել:

Դատարանը եզրահանգել է, որ տեսանյութում պատկերված արարքը իրավախախտման հատկանիշների հետ համադրման արդյունքում կասկած է հարուցում, ինչպես նաև կադրերում հստակ երևում է, որ հայցվորը իրոք չի խախտել օրենքը և կարմիր լույսի տակով չի անցել:

Հաշվի առնելով այս բոլոր ապացույցները, դատարանը վճռել է Վարդան Ամարյանի հայցը բավարարել և անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումները։

Պատրաստեց Ռոզա Վարդանյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել