Ուշադրություն վարորդներին. կարևոր է իմանալ տուգանքների ծանուցման կարգի փոփոխության մասին

«Փոստատարը չի փոխանցել նամակը», «Ես որևէ տուգանքի որոշում չեմ ստացել փոստում» և այլն: Նման պարզաբանումներն այլևս չեն աշխատի: Վստահեցնում է «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Այժմ օրենքն ասում է պարբերաբար մտիր Azdarar.am կայք և ճշտիր՝ չծանուցված նամակ ունես, թե՝ ոչ»,- փոխանցեց պարոն Հովհաննիսյանը:

Այս կայքի մասին 34-ամյա վարորդ Արթուրը իմացել է վերջերս:

«Կարմիր գծերի համար տուգանքներ էի ստացել, ես համաձայն չէի, գնացի նիստի, իսկ ինձ ասացին, որ Azdarar.am կայքում ևս երկու տուգանք է տեղադրվել, վստահեցրին, որ պարտադիր չէ, որ ես փոստով ծանուցվեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա բացառեց այն հանգամանքը, որ փոստով ստացել է վարչական տույժի մասին որոշումը. «Ես շաբաթը մեկ փոստ եմ գնում, որովհետև իմ աշխատանքային թղթաբանությունը բոլորը գալիս են տան հասցեով, նամակ ես բաց չեմ թողնում, այդ երկու դեպքում ես վստահ եմ, որ ծանուցումները՝ չգիտեմ ինչ պատճառով ինձ չի հասել: Եթե գալիս է, ես բողոք ունենալու դեպքում դիմում եմ պատասխանատու մարմնին, եթե բողոք չունեմ, հենց համացանցով էլ մուծում եմ»,- նշեց վարորդը:

Www.azdarar.am-ը` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն է:

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքը վերջին՝ 10-րդ հոդվածով սահմանում է անհատական ծանուցումն ինտերնետի միջոցով:

Այս օրենքում կարդում ենք.

Հոդված 10.    Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

    • Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:
    • Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
    • Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները (այսինքն՝ Azdarar.am-ում այն ծանուցումը հրապարակելը-Գ.Թ.) կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված:

Այսինքն՝ անձին ծանուցելը էլեկտրոնային փոստով պատշաճ է: Եթե փոստով ուղարկվում է ծանուցագիրը և չի ստացվում հետադարձ ծանուցում, ապա այն ևս մեկ անգամ էլ է ուղարկվում փոստին, ինչպես նաև ծանուցագիրը հրապարակվում է Azdarar.am-ում:

10-րդ հոդվածի 3-րդ կետն էլ հստակ նշում է, որ ծանուցումը ստանալուց հետո՝ անկախ նրանից՝ հետադարձ ծանուցում կլինի, այսինքն՝ փոստից կամ էլեկտրոնային նամակով անձը կհաստատի, որ ստացել է նամակը, 7 օր անց անձը համարվում է ծանուցված:

Այնպես որ այս կայքին հետևելն արդեն վարորդների համար պարտադիր է դառնում:

Իրավաբան Առնոլդ Վարդանյանը օրենսդրական այս լուծումը ապսուրդային է համարում. «Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր համացանցից օգտվել չգիտեմ կամ էլ պարզապես ինտերնետի հնարավորություն չունեն, ստացվում է, որ օրենքը խախտում է մարդու սահմանադրական իրավունքը»,- շեշտեց նա:

Ինչևէ, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար մասնագետները վարորդներին խորհուրդ են տալիս գոնե շաբաթը մեկ այս կայքի միջոցով պարզել՝ ծանուցումներ կան, թե ոչ, ինչպես նաև տուգանքների մասին իրազեկվել ոստիկանության կայքի համապատասխան բաժնից:

Սեղմեք լուսանկարի վրա՝ նշված կայք մուտք գործելու համար:

Azdarar.am Police.am

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել