Պետրոս Քեշիշողլյանը երեք անգամ դատարանում հաղթել է Ճանապարհային ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետարանին։
«Տարիներով գնում պայքարում եմ՝ դաստիարակելու համար իմ հայ եղբայրներին»,- ասում է սիրիահայ բժիշկը, ով 13 տարի է ինչ Հայաստանում է։
Առաջին անգամ նրան տուգանեցին՝ հոծ գիծը խախտելու կասկածանքով․ «Խաչմեուկին շարքը որ աջ է գնում է, ես մտել եմ, նկարել են, ինձ բացատրեցին, որ հոծ գիծը կտրելով եմ մտել, ես հենց իրենց տեսանյութով՝ նկարը մոտեցրած ցույց տվեցի, որ ես ճեղքով եմ մտել»,- այնուհետև նա նույնը պնդում է նաև դատարանում․ «Դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք սա ջնջված է, թե՞ ճեղք է, ես էլ պատասխանեցի, որ հավանաբար ճեղք է, քանի որ դրանից առաջ երեք մեքենա շարված են, բայց կարող է նաև ջնջված լինի։ Դատարանը վճիռ կայացրեց հօգուտ ինձ՝ նշելով, որ միգուցե ջնջված լինի, սակայն ի՞նչ մեղք ունի վարորդը դրա համար, դատարանը տուգանեց ոստիկանությանը 4000 դրամ»։
Հաջորդը նրան տուգանեցին սխալ կայանման համար․ «Դաշնամուրի գործարանի խաչմերուկի պատը պահեստ է, ես ապրանք պետք է վերցնեի, եթե խաչմերուկի վրա կանգնեի, մեքենաների ընթացքը կխանգարեի, բարձրացա մայթի վրա, կամերան նկարահանել է ու տուգանել։ Օրենքը կարդացի, իմացա, որ եթե միակ դուռն է բեռնելու համար, ապա կարճատև ժամկետով կարող եմ կայանել։ Դատարանում այդպես էլ ներկայացրի և դատը շահեցի։ Ոոտիկանությունը վերաքննիչ դիմեց, այնտեղ էլ շահեցի ու այս անգամ նրանց 10 հազար դրամ տուգանեցին»։
Հաջորդ կրկին կայնման տուգանքն էր․«Տաշիրի շենքի դիմացը խանութ կա՝ «Արտադրված է Հայաստանում», մայթը փոս է՝ ուղղահայաց եմ կանգնել, ինձ էլ տուգանեցին, որովհետև պետք է զուգահեռ կանգնեի, այդ տուգանքից երկու ամիս հետո նշան դրվեց։ Դատարանում էլ պարզաբանեցի, որ նշանը չդնելուց մեկ ամիս առաջ մարդկանց տուգանում են, առաջին ատյանը մերժեց՝ նշելով, որ ըստ օրենքը պետք է մայթը լայն լինի, իսկ մեջը՝ գծեր, այնտեղ գծեր չկան, ուրեմն իրավունք չունեմ։ Վերաքննիչ դատարան դիմեցի, գործը շահեցի»։
Իրավաբան.net-ը վերջերս մշտապես անդրադարձ է կատարում այն վարորդների գործերին, ովքեր դատարաններում հաղթել են ՃՈ-ին և քաղաքապետարանին։
Թեև վարչական գործերում մեծամասնություն են կազմում այն գործերը, որոնցում վարորդները պարտվել են ՃՈ-ին և քաղաքապետարանին, սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ վարորդները հաղթում են։
Այսպես՝ վարորդ Արսեն Խաչատրյանը վերացրել է ՃՈ-ի թվով 18 տուգանքի որոշումը, մեկ այլ վարորդ Սևակ Սերգոյանը վերաքննիչում է հաղթել ՃՈ-ին։ Արիստակես Սիսակյանը տուգանվել է արագությունը գերազանցելու համար, նա դիմել է դատարան՝ պնդելով, որ ինքը չի եղել տուգանքի պահին մեքենայի մեջ, դատարանը բավարարել է հայցը։ Իսկ Դավիթ Մինասյանի մեքենան կանգնեցնելուց հետո Ճանապարհային ոստիկանության տեսուչը բանավոր հայտարարել է, որ նա մեքենան վարել է անվտանգության գոտիները չամրակապած։ Վարորդի այն հարցին, թե նշված հանգամանքն ի՞նչ ապացույցով է հաստատվում, տեսուչը պատասխանել է, որ որևէ ապացույց չի կարող ներկայացնել և հիմնվում է իր տեսածի վրա, այնուհետև ՃՈ տեսուչը տուգանել է նրան։ Հենց այս ապացույցի բացակայության արդյունքում էլ դատարանը բավարարել է վարորդի հայցն՝ ընդդեմ ՃՈ-ի։
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով այս տարի շատացել են դատարաններում հաղթած գործերը․ «Բոլորը դատերը շահել ենք, բաից մեկից, այն արդեն բողոքարկել ենք վերաքննիչ քրեական դատարանում։ Ես դրական տեղաշարժ եմ տեսնում, դատարաններն առավել օբյեկտիվ են մոտենում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։
«Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում Իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում և իրավական դաշտի բարելավում» ծրագրի փաստաբան Աշխեն Դաշյանի խոսքերով` շատացել են նաև անհիմն ակտերը։
«Հիմնականում մարդիկ ստացած չեն լինում այդ ակտերը։ Ակտը դեռևս չի փոխանցվում է հասեատիրոջը, իրավական ուժ չունի, մարդիկ հիմնականում դատարանից են ստանում, նոր օրենքի փոփոխությամբ՝ նրանք այդ ակտերը ստանում են ԴԱՀԿ-ից, ու կրկին տեղեկացած չեն լինում իրենց կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ։ Արդիականը հենց դա է։ Մարդն առանց իմանալու, տեսնում է, որ իր տան վրա կարող է արգելանք դրված լինի որևէ վարչական իրավախախտման վերաբերյալ, որի մասին ինքը նույնիսկ տեղյակ չէ»,- փոխանցեց փաստաբանը։
Պատրաստեց Գևորգ Թոսունյանը