Կդիմեն ոչ թե ոստիկանություն, այլ դատարան. ՔԴՕ նախագծի նոր ինստիտուտը

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի նորամուծություններից մեկը տարբերակված վարույթի գաղափարի ներդրումն է: Համաձայն դրա` քրեական հետապնդումը մասնավոր մեղադրանքի գործերով կհարուցվի ոչ միայն ոստիկանությանում տրված հաղոդրման հիման վրա, այլև տուժողի կողմից դատարան քրեական հայց ներկայացնելու միջոցով:

Մասնավոր մեղադրանքի գործերից է ծեծը: Տվյալ դեպքում անձը կդիմի ոչ թե ոստիկանություն` իրեն ծեծելու մասին հաղորդում տալու համար, այլ քրեական հայցով կդիմի դատարան: Սակայն, եթե չգիտի, թե ով է իրեն ծեծել, ապա այս դեպքում պետք է դիմի ոստիկանություն:

Այս նոր ինստիտուտի ներդրման վերաբերյալ Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը դրական գնահատեց այս մոտեցումը.

«Սա էականորեն կթեթևացնի վարույթն իրականացնող մարմնի ծանրաբեռնվածությունը մինչդատական վարույթում, քանզի մասնավոր մեղադրանքի գործերով այլևս մինչդատական վարույթ չի լինի։ Բացի դրանից` դրա արդյունքում կնվազեն ծախսերը, կբարձրանա գործերի քննության արդյունավետությունը, քանզի էականորեն կկրճատվեն թե՛ ժամանակային, թե՛ մարդկային ռեսուրսների ծախսը` գործող քրեական դատավարության օրենսգրքի համեմատությամբ, որտեղ գործում է միասնական կամ ունիֆիկացված դատավարական ձևը»,- ասաց Ա. Վարդանյանը։

Կան նաև քննադատություններ, թե այն համարելով խոցելի է` ճշմարտության բացահայտման, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովման և դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Պատճառաբանվում է, որ մասնավոր մեղադրանքի գործերով վարույթի առանձնացումը նպատակ է հետապնդում գործի քննության ծանրությունը տեղափոխել դատարան, որի արդյունքում տուժողի բողոքը անմիջականորեն հասցեագրվում է դատարանին, որն էլ կողմերի ներկայացրած և հետագայում իր կողմից ձեռք բերված նյութերի հիման վրա ամբողջ ծավալով քննում և լուծում է գործը։ Այսինքն, դատավարության մասնակիցների իրավունքները ներմուծված գաղափարի շրջանակներում նույնպես պաշտպանվում են բարձր մակարդակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել