«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության աջակցությամբ 2015թ. հուլիսի 4-ին Կապանում կայացավ հանրային իրազեկման սեմինարների առաջին փուլի վերջին դասընթացը՝ ուսուցանողների համար:
Սեմինարների միջոցով 6-հոգանոց խմբերում ուսուցանվում են երիտասարդ իրավաբաններ, որոնք դասընթացի ավարտից հետո իրենց հերթին պետք է իրազեկման սեմինարներ և ակցիաներ անցկացնեն հասարակական վայրերում, կազմակերպություններում և ՏԻՄ-երում` կանանց իրավունքների վերաբերյալ:
Սեմինարի թեմաներն էին «Կանանց մասնակցությունը, այդ թվում` միջազգային լավագույն փորձը գենդերային քվոտաների և այլ դրական գործողությունների ոլորտներում, ինչպիսիք են տեղական և կենտրոնական իշխանությունը, բիզնես ընկերությունների խորհուրդները, դատական համակարգը և այլն», ինչպես նաև «Միջազգային պայմանագրերով ստանձնած Հայաստանի պարտավորությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները»:
Դասընթացի ավարտից հետո ուսուցում ստացած երիտասարդ իրավաբաններին հանձնվեցին համապատասխան նյութեր, տեղեկատվական թերթիկներ, որոնք նրանք պետք է օգտագործեն իրենց սեմինարների անցկացման ընթացքում: