ՀԷՑ-ի վնասները պետք է հատուցվի ընկերության սեփականատեր «ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից. Վարուժան Ավետիքյան

Իրավաբանության դասախոս Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. Եթե ՀԷՑ-ի վնասները իրապես առաջացել են սակավաջրության, արտարժույթի փոխարժեքի փոփոխության, ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառի, վատ կառավարման կամ միգուցե նաև այլ պատճառներով, ապա կարծում եմ այդ վնասները պետք է հատուցվեն ընկերության սեփականատեր «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կողմից և ոչ Հայաստանի հարկատուների հաշվին:

Ի վերջո ՀԷՑ-ը տարիներ է ի վեր մենաշնորհատեր է և նրան Հայաստանի ազգաբնակչությունը հնարավորություն է տվել այդ կարգավիճակով զբաղվել բիզնեսով և տարեց տարի բարձրացնել սակագինը: Եթե ՀԷՑ-ը մրցակցեր, չունենար մենաշնորհային կամ գերիշխող դիրք, ապա որքան ուզում էր թող սակագին բարձրացներ: Բայց դա այդպես չէ և չի էլ կարող լինել ելնելով մատուցվող ծառայության տեսակից: Բիզնեսի սեփականատերը ինքը պետք է կրի իր բիզնեսից առաջացած ռիսկերը, քանի որ այս տարիների ընթացքում նա հնարավորություն ուներ կանխատեսել և կառավարել այդ ռիսկերը (իսկ դա անելը պնդում եմ, որ հնարավոր է): Իսկ եթե չի արել, ապա հայաստանյան հարկատուն կամ սպառողը չպետք է լինի ապաշնորհ բիզնեսավարման համար հաշիվ փակողը: Ասածս իրավաբանորեն հիմնավորելու համար ստորև ցիտում եմ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը: Ընդունելով Նախագահի առաջարկությունների հիմնական մասը, կարծում եմ սա պետք է լինի համագարկող խմբի հակընդեմ պահանջը Նախագահին:

«Հոդված 2. Ձեռնարկատիրական գործունեություն
Ձեռնարկատիրական է համարվում անձի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ, ԻՐ ՌԻՍԿՈՎ իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել