Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցուցարարներին հանդեպ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը ոչ իրավաչափ օպերացիա էր. Իրավաբան.net-ի հետ զրույցում այսպիսի դիրքորոշում հայտնեց փաստաբան, «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Գրիշա Բալասանյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ոստիկանությունը ցրեց ջրցան մեքենայի օգնությամբ, և 237 հոգի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժիններ:
«Բողոքի ակցիան խաղաղ բնույթի էր և շարունակում է խաղաղ բնույթի լինել: Այնտեղ չկար որևէ սպառնալիք հասարակական կարգի խախտման վերաբերյալ, հավաքավածները զինված չեն եղել և հեղափոխական կոչեր չեն արել: Ուստի ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով իրեն նետեց օրենքի լուսանցիքից դուրս»,- ասաց Գ. Բալասանյանը:
Նա նշեց նաև, որ ոստիկանության գործողությունները անիրավաչափ էին նաև այն դեպքում, երբ 237 հոգու բերման ենթարկեց. վկայի կարգավիճակ ունեցող անձիք փաստացի ազատազրկված են եղել, ժամեր շարունակ չեն կարողացել տեղաշարժվել, նաև ստիպված են եղել ոստիկանության կողմից նշանկված փորձաքննությունները անցնել:
Գ. Բալասանյանի խոսքով, սա առաջին դեպքն էր վերջին տարիների պատմության մեջ, երբ ակցիայի ժամանակ բռնի գործողություններ կատարվեցին լրագրողների դեմ. «Կարծես նպատակաուղղված չեզոքացրեցին լրագրողներին, որպեսզի ավելի քիչ տեղեկատվություն շրջանառվի, հնարավորինս քիչ կադրեր լինեն: Դատապարտելի էր, որ ոստիկանության գործողությունը ուղղված էր հենց խոսքի ազատության դեմ»: