Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Է. Շաթիրյանին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես նշված է՝
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ և 41-րդ հոդվածի 3-րդ մասերը` որոշում եմ Էդգար Շաթիրյանին նշանակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թվականի հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով»:
Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասին համաձայն՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ»։
Նույն իրավական ակտի 41-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է նախորդ անդամի մնացած ժամանակահատվածին գումարած վեց տարի»։