Անկախ լրագրող Ադրինե Թորոսյանը դատական հայց է ներկայացրել թատերագետ Լևոն Մութաֆյանի դեմ` պահանջելով վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և պատճառված բարոյական վնասի դիմաց վճարել 1 միլիոն դրամ փոխահատուցում:
Ադրինե Թորոսյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ հայցի առարկան Facebook սոցիալական ցանցում Մութաֆյանի մեկնաբանությունն է, որում հետևյալ արտահայտություններն են արվել լրագրողի հասցեին.
«Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում էր, կեղծիքներ տարածում, ստում… », «Հրապարակ»-ը գուրգուրում և փայփայում էր մի տականքի, որն էժանագին քայլերի էր դիմում, կատարում ստոր պատվերներ»: «Մի՞թե մեր խոսքերը բավական չէին, որպեսզի խմբագրությունը հասկանար, որ գործ ունի լրագրություն մտած հոգով անբարո մարդու հետ», «…ներկայացվում էին փաստեր այս ապիկարի գործունեությունից», «Պարզապես Ադրինեն առավել լկտի ու ցինիկ է», «Ողորմելի զրպարտիչ, շատ ուրախ եմ, որ չես անդրադառնա իմ գրառմանը…»:
Լրագրողի խոսքով այս արտահայտությունները ոչ միայն վիրավորում են իր պատիվն ու արժանապատվությունը, այլև ստվեր են նետում իր գործարար համբավին: Հայցապահանջով Լևոն Մութաֆյանը պետք է Facebook սոցիալական ցանցում և «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջով (այս էջի գրառման տակ է թատերագետը մեկնաբանություն թողել) ներողություն խնդրի:
Հայցադիմումը մուտք է արվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Արայիկ Մելքումյանին: