ՀՀ ոստիկանության շտաբում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին քաղաքացի Ջուլիետա Մ.-ն ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կոտրել է ՍՊ ընկերությանը պատկանող կրպակի ահազանգման համակարգի լուսային ազդանշանի սարքը, սակայն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, սահմանված կարգով նշված դեպքը չեն հաշվառել հանցագործությունների գրանցամատյանում, այլ ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ կազմվել է եզրակացություն ու նյութերին չի տրվել համապատասխան ընթացք: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՔԾ-ից:
Ըստ աղբյուրի՝ քաղաքացի Ջուլիետա Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: