ՀՀ գլխավոր դատախազն անտեսել է այդ որոշումը. բաց նամակ նախագահին

Փաստաբան Գեորգի Մելիքյանը բաց նամակ է գրել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարություններին՝ ԱԺ-ում: Նամակում ասվում է.

«Մեծագույն ուշադրությամբ լսել եմ ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի կողմից խորհրդարանում ներկայացված հաշվետվությունը, որի ընթացքում հավատացրել է, որ իրեն հաջողվել է դատախազության համակարգից կոռուպցիան իսպառ վերացնել հայտարարելով. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չի եղել և չի կարող լինել որևէ դեպք, երբ որևէ դատախազ փորձ կատարի իրեն դուրս դնել օրենքով իրեն վերապահված իրավասություններից, դրսևորի կոռուպցիոն վարքագիծ և մնա անպատիժ ու շարունակի իր ծառայությունն այս համակարգում: Կրկնում եմ՝ սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»:

Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազը նման պատասխանատու հայտարարությունը կատարել է Ազգային ժողովի հերթական նիստում, ուստի ես որպես փաստաբան, թիվ 12146513 քրեական գործով մեղադրյալ Գ.Գևորգյանի պաշտպան ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը ակնհայտ անպատասխանատու և իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ է հանդես գալիս և Ազգային ժողովի պատգամավորներին բարեխիղճ մոլորության մեջ է գցել, քանի որ իր գլխավորած դատախազության համակարգը խախտում է և շարունակում է մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտումով իրականացնել իրենց դատավարական ղեկավարման ներքո գտնվող մի շարք քրեական գործերի քննությունը:

Ի տարբերություն պարոն Կոստանյանի, խոսքից անցնեմ գործի և առաջնահերթ խնդրում եմ հիշյալ քրեական գործի հիման վրա հարց ուղղել Կոստանյանին, այն որ ամենայն պատասխանատվությամբ է հայտարարել հիմա կարող է պատասխան տալ Գ.Գևորգյանի իրավունքների, օրինական շահերի և ազատությունների խախտման համար, որի կապակցությամբ դիմել էի և նրա ուշադությունն էի հրավիրել իր պաշտոնավարման ընթացքում ոստիկանության Էրեբունու բաժնի, քննչական բաժնի և համայնքային դատախազության կողմից թիվ 12146513 քրեական գործով նախնական քնության ընթացքում, մեղադրյալ Գրիգոր Գևորգյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու դեպքի մասին, այն է` նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կատարվում է դատավարական ժակետների անցնելուց հետո, անվավեր դատավարական գործողությունների հիման վրա, ուստի նաև ՀՀ գլխավոր դատախազին առաջարկել էի վերացնել այդ խախտումը, մասնավորապես անվավեր ճանաչել քրեական գործ հարուցելու մասին որոշումը և դրանից հետո կատարաված բոլոր դատավարական գործողությունները:
Այնինչ ՀՀ գլխավոր դատախազը՝ անտեսելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազ՝ Ա.Ափիյանի կողմից անհիմն և օրենսդիրի պահանջների ակնհայտ սխալ մեկնաբանման արդյունքում անօրինական բողոքը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը, այն կրկին մերժել էր:

Ստիպված դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին և վերջապես 2015 թվականի ապրիլի 1-ին կայացված որոշմամբ արձանագրվել է թիվ 12146513 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից Գ.Գևորգյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը և ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել էր վերացնել այդ խախտումը, մասնավորապես անվավեր ճանաչել քրեական գործով կատարված բոլոր դատավարական գործողությունները:

ՀՀ գլխավոր դատախազը, անտեսելով այդ որոշումը, այն ուղարկել էր այն նույն դատախազի քննարկմանը, որն արդեն իսկ մերժել է և խուսափել էր վերացնել այդ խախտումները, միաժամանակ այդքան պատասխանատու պաշտոն զբաղեցնելով վատ չի զգացել, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է ավելի խելացի իրավաբան լինել և տեսնել դատավարական խախտումները, իսկ դատախազությունը ի դեմս իրեն, նաև քննչական մարմինները՝ իրավաբանությունից հեռու դատողություններով համառորեն շրջանցել են օրենքը և խույս են տվել թույլ տված սխալը ուղղելուց:
ՀՀ գլխավոր դատախազին, ով Ազգային ժողովում հայտարարարել էր «ամենայն պատասխանատվությամբ» արտահայտությունը, խնդրում եմ հիշեցնել, որ այդ պատասխանատվությունը կարգապահական բնույթի չէ, և շարունակական անգործության դեպքում, ստիպված ենք լինելու օրենքին համապատասխան քայլեր ձեռնարկել, դիմել ՀՀ նախագահին ի դեմս իրեն և մյուս պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու, Գ.Գևորգյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականցնելու համար քրեական գործ հարուցելու պահանջով, ուստի Ձեր ուշադությունը հրավիրելով թիվ 12146513 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից Գ.Գևորգյանի իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքին, խնդրում եմ կանխել պարոն Կոստանյանի անպատասխանատու հայտարարությունները և պատգամավորներին ու հանրությանը մոլորության մեջ գցելու անհուսյ փորձերը, ինչպես նաև հորդորել վերջինիս դատախազների կողմից օրենքով իրենց վերապահված իրավասություններից դուրս գործելու փորձերը կամ արդեն իսկ կատարված արարքները կանխելու իր մտադրությունը կյանքի կոչել թիվ 12146513 քրեական գործի քնության ընթացքում թույլ տված խախտումներին ըստ արժանավույնս ճիշտ գնահատական տալով, դրանով իսկ վերականգնել և վերահաստատել իր հանդեպ ունեցած վստահությունը և իր խոսքի արժեքը»:

Նամակին կցված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել