Հանդիսավոր նիստ ՀՔԾ-ում` նվիրված Հանրապետության տոնին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ հանրապետության տոնին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը շնորհավորել է ծառայության աշխատակիցներին Հանրապետության տոնի կապակցությամբ:

– 1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Եթե մենք լավ ճանաչենք մեր պատմությունը և մեր արժեքները, ապա հպարտանալու իրավունք կունենանք` համոզվելով, թե ինչ տոկուն և օժտված ժողովուրդ ենք, ինչ վիթխարի ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Այս գիտակցումը կամրապնդի և կհարստացնի մեր հայկական ինքնությունը` մեր անձին տալով հավելյալ մի արժեք, որն այսօրվա մրցակցության պայմաններում հաջողության երաշխիք է,- ասել է Վահրամ Շահինյանը:

ՀՀ հանրապետության տոնի առթիվ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի կողմից ծառայության մի շարք աշխատակիցներ խրախուսվեցին` Հայաստանի Հանրապետության օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած ավանդի, անբասիր ծառայության, աշխատանքային պարտականություններն ու առաջադրանքները բարեխղճորեն կատարելու համար:

Այնուհետև ծառայությունում տեղի ունեցավ նորանշանակ պետական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:
Վերջերս բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն, առաջին անգամ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ երդում տվեցին:

Մասնավորապես` Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության մայոր Սմբատ Արշակի Մինասյանը, հակապես կարևոր գործերի քննիչներ` արդարադատության փոխգնդապետ Ալիկ Մարատի Ստեփանյանը, արդարադատության փոխգնդապետ Հովհաննես Ներսեսի Թեմուրյանը, արդարադատության մայոր Վլադիմիր Հովհաննեսի Մինասյանը և, արդարադատության ավագ լեյտենանտ Խորեն Գևորգի Մեջլումյանը երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:

Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը շնորհավորեց նորանշանակ պետական ծառայողներին, մաղթեց արգասաբեր աշխատանք` հանուն օրենքի գերակայության ապահովման և հույս հայտնեց, որ վերջիններս արժանապատվորեն կպահպանեն երդման տեքստում հնչեցրած բոլոր խոստումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել