Հայաստանում Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթն ավարտվեց

Հայաստանում Եվրոպայի օրվա ավանդույթ դարձած տոնակատարություններն այս տարի տևեցին մեկ շաբաթից ավելի: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ դրանք մեկնարկեցին Վանաձորում և Գյումրիում, այնուհետև Երևանում անցկացվեցին մեկ շաբաթ տևող միջոցառումներ:

Մայիսի 24-ը տեղեկատվական շաբաթի փակման օրն էր, որը ընթացքում եղան շատ ու շատ միջոցառումներ, հյուրեր և տոնական բացօթյա համերգ:

Օրն սկսվեց Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումից: Հանդիպմանը կարող էին մասնակցել նախապես գրանցված երիտասարդները: Որպեսզի այն անցնի ընկերական մթնոլորտում, և լինեն ակտիվ քննարկումներ, հանդիպումը տեղի ունեցավ ոչ ֆորմալ միջավայրում: Հանդիպման ընթացքում սրահը ձևավորված էր ԵՄ անդամ երկրների մշակութի և խոհանոցի տարրերով:

Բացման արարողությունը կատարեց ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ապա դեսպանները ներկայացրին իրենց: «Սա ոչ ֆորմալ հանդիպում է, որը նախորդում է տեղեկատվական ցուցահանդեսին և Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շարունակությունն է»:

Հանդիպումից հետո բոլոր մասնակիցները հրավիրվեցին Հյուսիսային պողոտա, ուր պետք է տեղի ունենար տեղեկատվական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված էին ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերը: Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: «Բարի գալուստ տեղեկատվական ցուցահանդես, որը նվիրված է ԵՄ-Հայաստան համագործակցությանը: Մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպային միավորվել խաղաղության և միասնության համար: Եվրոպայի օրը Շումանի հռչակագրի տոնն է, որը կոչված է ցույց տալու, որ մենք հաղթահարել ենք բոլոր տարբերությունները, որպեսզի կառուցենք մեր ապագան, և ցույց տալու մեր համագործակցությունը հարևանների հետ: Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Ռիգայում ևս մեկ անգամ հաստատել է մեր շարունակական հետաքրքրվածությունը մեր հարևանների հետ ամուր համագործակցություն ստեղծելու և սատարելու նրանց իրենց ջանքերում՝ հասնելու երկարաժամկետ խաղաղության, կայունության և աճող բարգավաճման»:

Բացման խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: «Մենք Եվրոպական միության հետ ունենք բավականին հագեցած օրակարգ և պետք է նշեմ, որ մեր համագործակցությունը շատ տարբեր ոլորտներում է: ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն են ունենում ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման վրա: Նմանօրինակ ծրագրերը օժանդակում են նաև Հայաստանում կատարվող ներքին բարեփոխումներին»:

Որպես տեղեկատվական ցուցահանդեսի ավարտ՝ Ազատության հրապարակում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին ինչպես հայ, այնպես էլ եվրոպացի արտիստներ: Մինչ համերգի մեկնարկը ելույթ ունեցավ դեսպան Հրիսթեան և մաղթեց բոլորին ուրախ ժամանց: Արտիստների կատարումներից հետո բեմահարթակը փոխանցվեց VJ Զիպերին, ով Ֆրանսիայից հատուկ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի օրվան: Համերգին հավաքվածները սպասում էին հատուկ հյուրին՝ Դենզելին, որի երկույթի ժամանակ Ազատության հրապարակում հավաքվածները պարում և ձայնակցում էին երգչին:

Այսքանով Եվրոպայի օր 2015-ի տոնակատարությունները Հայաստանում ավարտվեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել