Ի՞նչ պատիժ է նախատեսված Սյունիքի մարզպետի մեքենայի վրա կրակելու համար

Ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ երեկ երեկոյան ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։

Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ըստ էության քրեական գործ հարուցվել է սպանության փորձ կատարելու համար: Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը առանձնացնում է սպանության մի քանի հատկանիշներ, եթե հայտնաբերվեն սպանության փորձ կատարողները կամ կատարողը, ապա նրանց մեղքը ապացուցվելու դեպքում, կպատժվեն ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նաև քրեական գործը հարուցվել է օրենսգրքի  235-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել