ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո հասարակական ընդվզմանը՝ նշելով. «Բնական է, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակական ընդգծված ուշադրություն և նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և իրավացիորեն պահանջում էին, որպեսզի գործը հանձնվի Հայաստանի Հանրապետության արդարադատությանը»:
Խոսելով գործի քննությունից նա արձանագրեց հետևյալը. «Այս պահին ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում, և մենք ՌԴ իրավապահների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային իրավունքի նորմերին: Վստահեցնում եմ, որ այդ հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքներն, այլև՝ մոտեցումներն ու ակնկալիքները»:
Հիշեցնենք՝ Հայաստանում ՌԴ ռազմաբազային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում մուտք է գործել Ավետիսյանների բնակարան և սպանել ընտանիքի 7 անդամներին: Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների կողմից: